Գարեգին Նուշիկյանը Հանրային խորհրդում հանդիպեց երիտասարդների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | April 25, 2012 17:15

Հանրային խորհրդի Երիտասարդության հարցերի ենթահանձնաժողովը մինչև Ազգային ժողովի ընտրությունների մեկնարկը պարբերաբար անցկացնելու է հանդիպումներ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորական թեկնածուների հետ, որի ընթացքում երիտասարդները հնարավորություն կունենան ծանոթանալու երիտասարդության հարցերին առնչվող նրանց ծրագրերին, քննարկել երիտասարդությանը հուզող խնդիրներ:

Այսօր՝ ապրիլի 25-ին, Հանրային խորհրդում երիտասարդները հյուրընկալել էին մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Գարեգին Նուշիկյանին:

Հանդիպման ընթացքում բարձրացվեցին երիտասարդությանը հուզող այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են բարձրագույն կրթության մատչելիությունն ու որակը, ուսանողությանը որոշակի արտոնություններ տրամադրելու անհրաժեշտությունը, աշխատատեղերի բացակայությունը, երիտասարդների արտագաղթը, մասնագիտական ներուժի ոչ արդյունավետ օգտագործումը և այլն:

Չնայած որ Գարեգին Նուշիկյանի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները վերաբերում են տնտեսության ոլորտին, այնուամենայնիվ նա նշեց, որ այդ հարցերը նույնպես իր նախընտրական ծրագրի մաս են կազմում, քանի որ բխում են տնտեսական հիմնախնդիրներից:

Երիտասարդ մասնագետների զբաղվածության խնդիրն, ըստ Նուշիկյանի, պայմանավորված է նախ նրանով, որ գործատուները հիմնականում ցանկանում են երկար տարիների փորձ ունեցող մասնագետների վերցնել աշխատանքի: Բացի դա, աշխատաշուկայում առկա է առաջարկի և պահանջարկի անհամապատասխանելիության խնդիր: «Մասնավոր բուհերի և միևնույն մասնագետների առատությունը լուրջ խնդիր է ստեղծում,-կարծում է տնտեսագետ-թեկնածուն,-բոլորը ձգտում են բարձրագույն կրթություն ստանալ, սակայն մեծ մասը անգործ է մնում, քանի որ այդքան մեծ թվով նույն մասնագետի կարիք չկա»:

Փոխարենը, նա համոզված է, որ եթե լինեին նախկին պրոֆտեխուսումնարանները, շատերը գործ կունենային, որովհետև այսօր կա, օրինակ, լավ խառատների, մեխանիկների, խոհարարների կամ վերելակի մասնագետների կարիք, սակայն մասնագետ չկա:

Աշխատատեղեր ստեղծելու պայմաններից մեկն էլ, ըստ նրա, արտաքին ներդրողների համար բարենպաստ դաշտ ստեղծելն է: Փոքր և միջին բիզնեսի զարգացումը ևս խիստ կարևոր է աշխատատեղերի ապահովման առումով: Այնուամենայնիվ, Նուշիկյանը, որպես գործարար, կարծում է, որ լավ մասնագետների կարիք միշտ էլ կա:

Ուսանողներից մեկն էլ բարձրացրեց տրանսպորտի ոլորտում ուսանողությանը որոշակի արտոնություններ տրամադրելու հարցը: Սակայն Նուշիկյանի կարծիքով, այսօր պետությունն ի վիճակի չէ նման արտոնություն տրամադրել: «Միգուցե ավելի ճիշտ կլինի ուսանողների թոշակները բարձրացնել և ինչ որ ձևով դա փոխհատուցել, սակայն դա նույնպես պետությունն այս պահին չի կարող իրեն թույլ տալ: Նախ և առաջ մենք խնդիր ունենք մեր թոշակառուների թոշակներտը բարձացնելու»,-նշեց նա:

ՀԽ երիտասարդության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանը հայտնեց, որ ենթահանձնաժողովն այդ ոլորտում որոշակի քայլեր  է արել՝ առաջարկել է բոլոր ԲՈՒՀ-երին իրենց ուսանողության համար հատկացնել առանձին երթուղային տրանսպորտի միջոցներ, որոնց գումարի մի մասը կվճարի ուսանողը, մյուս մասը՝ ԲՈՒՀ-ը: Առայժմ առաջարկին դրական արձագանք է տվել Հայ-ռուսական Սլավոնական համալսարանը:

Ինչ վերաբերում է սոցիալապես անապահով ուսանողների խնդիրներին, ապա Նուշիկյանն առավել իրատեսական է համարում երկրում միջազգային փորձի կիրառումը, այն է՝ ուսման ծախսերը հոգալու նպատակով ուսանողներին բանկային համակարգի միջոցով երկարաժամկետ, խորհրդանշական տոկոսադրույքով վարկեր տրամադրելը: Ընդ որում, Նուշիկյանը կարծում է, որ այդ համակարգը պետք է կիրառել ոչ միայն անապահով ուսանողների, այլ ընդհանրապես բոլոր ուսանողների համար:

Հանդիպման ընթացքում ուսանողների բարձրացրին նաև երիտասարդության արտագաղթի խնդիրը: Ըստ Նուշիկյանի, արտագաղթը Հայաստանի առջև ծառացած ամենահրատապ խնդիրներից մեկն է,  ուստի անհրաժեշտ է նախ և առաջ հասկանալ դրա պատճառները և ըստ դրա՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել:

Ի դեպ, Գարեգին Նուշիկյանը հայտնեց, որ եթե ընտրվի, հատուկ գրասենյակ է հիմնելու, որի նպատակն է հասարակության ամենատարբեր խավերից ստացված առաջարկները մշակելն ու դրանք օրենքի տեսքով խորհրդարան տանելը: Այդ առումով նա կարևորեց երիտասարդների ակտիվությունը՝ ակնկալելով նրանց աջակցությունը:

Դիտվել է 2001 անգամ:
Print Friendly

Leave a Reply