ԱՄՀ-ն 2010-ին կանխատեսում է Հայաստանում ՀՆԱ-ի 1,2 տոկոս աճ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 12, 2009 15:53

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ծանր հարված է հասցրել Հայաստանին.  Արժույթի միջազգային հիմնադրամը(ԱՄՀ) 2009-ին Հայաստանի համար կանխատեսում է ՀՆԱ-ի նվազում 15 տոկոսով: Կրճատվել են արտերկրից  դրամական փոխանցումները, ներդրումները, հարկային եկամուտները. այս մասին այսօր ասաց ԱՄՀ գործադիր տնօրեն Ամբրուազ Ֆայոլը` ամփոփելով ԱՄՀ գործադիր տնօրենների Հայաստան կատարած այցը:

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել` գործնական մակարդակում դիտարկելու Հայաստան-ԱՄՀ համագործակցությունը: Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նախագահի, վարչապետի, Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարների, ԿԲ նախագահի հետ:

Ֆայոլն ասում է, որ տնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու համար ԱՄՀ-ն Հայաստանին 2009-ին տրամադրել է նախատեսվածից ավելի շատ գումար. տարեսկզբին Հայաստանի համար նախատեսված էր շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար, հունիսին այդ գումարն ավելացվեց մինչև 823 մլն դոլար: «Այսպիսով, փորձել ենք օգնել Հայաստանի իշխանություններին՝ մեղմելու ճգնաժամի հետևանքները»,-ասում է Ֆայոլը:

ԱՄՀ գործադիր տնօրենի կարծիքով՝ Հայաստանի իշխանություններն արդյունավետ են գործում, և կայուն է մնում ֆինանսական համակարգը: Նրա խոսքով` այս տարվա մարտին տեղի ունեցած դրամի արժեզրկումը և վերադարձը՝ լողացող փոխարժեքի քաղաքականությանը, նոր տնտեսական հեռանկարներ են ապահովում Հայաստանի համար: Ֆայոլն ասում է, որ Հայաստանի տնտեսությունը շուտով կկարողանա բռնել վերականգնման ուղին. «2010-ին ԱՄՀ-ն Հայաստանում կանխատեսում է ՀՆԱ-ի 1,2 տոկոս աճ»:

Ֆայոլն ասում է, որ Հայաստանում պետական եկամուտների կտրուկ նվազմամբ աճել է բյուջեի պակասորդը: Նման իրավիճակում ավելացել է տնտեսության արտաքին ֆինանսավորման բաժինը:

«Բարեբախտաբար, ճգնաժամից առաջ Հայաստանի արտաքին պարտքը փոքր էր»,- ասում է Ֆայոլը` հավելելով, որ տնտեսության վերականգնումից հետո ԱՄՀ-ն և Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկեն՝ նոր հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնելու ուղղությամբ` ապահովելու արտաքին պարտքի սպասարկելիությունը. 2009-ի համար ՀՆԱ-ի պակասուրդը  7,5 տոկոս է.  2010-ին այն պետք է հասնի մինչև  6 տոկոս:

Պատվիրակությունը Հայաստան այցելելուց առաջ եղել է նաև Վրաստանում: Պատվիրակության անդամ Մեգ Լունդագերն ասում է, որ Վրաստանում իրավիճակը Հայաստանի հետ նմանություններ ունի. այստեղ էլ են կրճատվել արտերկրից  դրամական փոխանցումները, արտահանումը:

Դիտվել է 2051 անգամ:
Print Friendly

Leave a Reply