Ըստ «Նոր ժամանակների» մեզ խորհրդարանական երկիր պետք չէ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 25, 2012 14:22

Գտնվելով այս պերմանենտ պատերազմական իրավիճակում` տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքականության առումով, բացառապես խորհրդարանական կառավարում եւ խորհրդարանական իշխանություն ձեւավորելը, «Նոր ժամանակներ» կուսակցության ընկալմամբ շատ վտանգավոր է ազգային անվտանգության տեսանկյունից: Եվ կուսակցությունում համոզված են, որ ուժեղ նախագահական համակարգն է, որ կարող է մեր առջեւ դրված շատ հարցերի ազգանպաստ եւ ժողովրդի շահերից բխող լուծումներ ապահովել: «Նոր ժամանակներ» կուսակցության այս տեսակետն այսօր արտահայտեց կուսակցության անդամ Հրաչյա Սարգսյանը:
«Մեր կուսակցության համոզմամբ` ներկա իրականության մեջ Հայաստանին առավել շատ անհրաժեշտ է պրեզիդենտական համակարգ, եւ խորհրդարանը որպես քաղաքական մարմին, որպես օրինաստեղծ մարմին, բնականաբար, ունի իրականացնելու իր ֆունկցիան` մեր իշխանական համակարգում, որպես օրենսդիր թեւ»,- նշեց նա` պարզաբանելով, որ պատերազմական եւ լարված իրավիճակներում, երբ կա կտրուկ որոշումներ կայացնելու պահանջ, պետք է լինի մի մարմին, որը կկարողանա, այսպես ասած, ժամանակին տուրք չտալ:
«Դա նախագահական համակարգն է, որովհետեւ նախագահի ինստիտուտն էլ ունի նույն ժողովրդի քվեն եւ նրա լիազորությունները` կայացնել որոշումներ, որոնք բխում են ազգի, պետության եւ ազգային անվտանգության շահերից, կարծում ենք, այս շրջանում ավելի արդյունավետ է»,- համոզմունք հայտնեց «Նոր ժամանակներ»-ի ներկայացուցիչը:
Նրա ընկալմամբ` խորհրդարանական ժողովրդավարութուն բառադարձվածքը իր մեջ քաղաքագիտական ոչ կոռեկտ տրամաբանություն է պարունակում, որովհետեւ խորհրդարանն, իր տրամաբանությամբ, արդեն ժողովրդավարության արդյունք է: Եվ խորհրդարանում ժողովրդավարություն փնտրելը, Հրաչյա Սարգսյանի համոզմամբ, տրամաբանությունից դուրս է:

Դիտվել է 768 անգամ:
Print Friendly

Leave a Reply