Մեծ Եղեռնի 97-ամյակին նվիրված միջոցառումներ Կանադայում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 25, 2012 13:59

            Կանադայում ՀՀ դեսպանության, կանադահայոց ազգային առաջնորդարանների եւ կանադահայ կազմակերպությունների նախաձեռնությամբ Կանադայում մեկնարկեց Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ:

            Ապրիլի 22-ին Կանադայի Օտտավա, Մոնրեալ, Տորոնտո, Վանկուվըր եւ մի շարք այլ քաղաքների հայկական եկեղեցիներում մատուցվեցին պատարագներ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի: Նույն օրը Մոնրեալի Հայ Կենտրոնում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում, որին մասնակցեցին Կանադայի իշխող Պահպանողական կուսակցության, ինչպես նաեւ ընդդիմադիր Ազատական եւ Նոր Դեմոկրատներ կուսակցությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, հայ համայնքի հոգևոր հայրեր եւ այլ պատվավոր հյուրեր: Միջոցառման հիմնական պատգամաբերն էր Կանադայի վարչապետ Սթիվըն Հարփըրի ներկայացուցիչ, Կանադայի Քաղաքացիության, ներգաղթի և բազմամշակութայնության նախարար Ջեյսըն Քենին: Վերջինս ներկաներին ընթերցեց Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Հարփըրի ուղերձը, որտեղ, մասնավորապես, նշվեց.

«Այսօր մենք հիշատակում ենք Հայ ժողովրդի ահռելի կորուստը, որը տեղի ունեցավ 1915 թվականին Օսմանյան Կայսրության փլուզման օրերին: Կանադայի Խորհրդարանի երկու պալատները ընդունել են համապատասխան բանաձեւեր, որոնք նկարագրում են այդ ոճիրը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:

Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը երախտագիտություն հայտնեց նախարար Քենիին եւ կանադական կառավարությանը Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում շարունակական եւ սկզբունքային դիրքորոշման համար:

Ապրիլի 23-ին Օտտավայում Թուրքիայի դեսպանության առջև կանադահայ երիտասարդությունը կազմակերպեց մոմավառություն` ի հիշատակ ցեղասպանության անմեղ զոհերի:

Ապրիլի 24-ին Կանադայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հիշատակի ավանդական միջոցառում, որին մասնակցեցին Հայ առաքելական եւ Կաթոլիկ եկեղեցու սրբազան հայրեր, համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, կանադահայ համայնքի ներկայացուցիչներ, դպրոցականներ: Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ոգեկոչելով 1,5 միլիոն զոհերին, նշեց, որ Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանությունը ոճիր էր համայն մարդկության դեմ և որ բոլորիս պարտքն է նման հանցագործությունները դատապարտել ու կանխարգելել՝ հասնելով Մեծ Եղեռնի միջազգային համապարփակ ճանաչմանը:

Այնուհետև, ՀՀ դեսպանատան հարակից տարածքում գտնվող «Հավերժ Հայաստան» հուշարձանի մոտ հոգևոր հայրերի կողմից կատարվեց աղոթք հայ նահատակների համար, զետեղվեցին ծաղկեպսակներ:

Միջոցառումից հետո հոծ բազմությունն ուղեւորվեց դեպի Կանադայի Խորհրդարան, որտեղ տեղի ունեցավ բազմամարդ ցույց: Ցույցի ընթացքում ելույթ ունեցան Խորհրդարանի մի շարք պատգամավորներ, քաղաքական գործիչներ, որոնք բոլորը դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը եւ մերժողականությունը: Այնուհետեւ, Օտտավայի կենտրոնական Ուելինգտոն փողոցով հարյուրավոր կանադահայեր շարժվեցին դեպի Թուրքիայի դեսպանություն, որտեղ պահանջեցին Թուրքիայի կառավարությունից վերջ տալ մերժողական քաղաքականությանը:

Դիտվել է 929 անգամ:
Print Friendly

Leave a Reply