ԵԱՀԿ-ն և ԵԽ-ն ողջունում են Թուրքիայի և Հայաստանի միջև արձանագրությունների ստորագրումը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 12, 2009 14:47
ԵԱՀԿ–ն նախագահող Հունաստանի վարչապետ, ԱԳ նախարար Գեորգիոս Պապանդրեուն ողջունել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկկողմ կապեր զարգացնելու մասին Թուրքիայի և Հայաստանի միջև արձանագրությունների ստորագրումը:
«Ես ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները նորմալացնելու նպատակով պատմական համաձայնությունը և աջակցում այն ջանքերին ու քաղաքական կամքին, որ երկու երկրների ղեկավարները դրսևորեցին տարաձայնությունները հաղթահարելու և տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ շարժվելու համար»,-հայտարարել Է Պապանդրեուն: «Դա մեր ընդհանուր շահերից Է բխում»,-նշել Է նա հայտարարության մեջ, որի տեքստը երեկ տարածել Է ԵԱՀԿ–ի մամուլի ծառայությունը:
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյոռն Յագլանդը կիրակի Հայաստանի և Թուրքիայի կառավարությունների անդամներին շնորհավորել Է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և հայ–թուրքական համագործակցության զարգացման մասին արձանագրությունների ստորագրման կապակցությամբ:
«Ես ողջունում եմ Հայաստանի և Թուրքիայի կառավարության անդամներին դիվանագիտական հարաբերությունների վերականգնման և հաստատման և երկու երկրների միջև սահմանների բացման մասին արձանագրությունների ստորագրման կապակցությամբ: Դա պատմական քայլ Է, որը պետք է տևական խաղաղության բերի երկու երկրների միջև և ամրապնդի կայունությունը հարավկովկասյան ամբողջ տարածաշրջանում»,-ասված Է Թորբյոռնի հայտարարության մեջ:






Facebook
Tweet This
Email This Post
