ԿԱՅԱՑԱՎ «ԱԿՈՒՆՔ» ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹԻ ՀԱՄԵՐԳԸ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 24, 2012 23:32

Երեկ «Նարեկացի» արվեստի միությունում կայացավ Ակունք Ազգագրական Համույթի համերգը: Համերգի ընթացքում հնչեցին հորովելներ, հայրենասիրական և աշխատանքային երգեր, ինչպես նաեւ կայացավ զրույց ազգագրական երգերի և պարերի շուրջ:  Համույթի ղեկավար Սարգիս Ալավերդյանը կատարումներից առաջ ներկայացնում էր պարերի ու երգերի բովանդակությունը, մեկնաբանում դրանք:

«Այսօր շատ կարեւոր է, որ հնչի հայ երգը, ազգագրական պարերն ու երերգը` ի հակադրություն հեռուստատեսությամբ մատուցվող ավելորդությունների: Այս գործում մեզ շատ օգնեց հենց «Նարեկացի» արվեստի միությունը, քանի որ այն մեզ տալիս է հնարավորություն ներկայացնել այս ամենը»,-նշեց Սարգիս Ալավերդյանը: Նրա խոսքերով հիմա շատ կարեւոր է, որ մարդիկ հենց ազգայինը լսեն ու հասկանան, թե որքան մաքուր ու բարձրարվեստ են հայկական ազգագրական երգերը:

Հիշեցնենք, որ «Ակունք» ազգագրական համույթը հիմնադրվել է 1976 թ-ին` ազգագրագետ Մարո Մուրադյանի կողմից: Խոսելով «Ակունք»-ի նշանակության մասին` համույթի ներկայացուցիչներից Արեգ Միքայելյանն ասաց, որ «Ակունք»-ն իրենց համար սոսկ վայր չէ, որտեղ հաճախում են երգելու, այն ապրելակերպ է, սրանով նրանք ապրում են:

Համերգի ողջ ընթացքում համույթը հենց այդ ապրելակերպն ու էներգիան էր փոխանցում` միաժամանակ երգերի ու պարերի միջոցով ներկայացնելով հայ մարդու անկոտրում կամքն ու ստեղծագործ էությունը:

Ներկաները բոլորն էլ շատ զգացված էին, հուզված ու ոգեւորված:
«Շնորհակալ ենք, որ մեզ փոխանցեցիք այս դրական զգացումները: Այն, ինչ անում եք, անչափ կարեւոր է մեզ համար»,-համերգի վերջում իր խոսքում շեշտեց Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանը` համույթին որպես հիշատակ փոխանցելով ՆԱՄ խորհրդանշական նվերները:

Դիտվել է 1733 անգամ:
Print Friendly

Leave a Reply