Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներ Ռումինիայում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 24, 2012 21:52

Ապրիլի 24-ին Ռումինիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ, որին մասնակցեցին հարյուրավոր ռումինահայեր, ինչպես նաև ռումինական օրենսդիր և տեղական մարմինների ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ և համալսարանականներ:

Բուխարեստի Սուրբ Հրեշակապետաց Հայոց Մայր եկեղեցում կատարվեց հիշատակի հոգեհանգիստ, որին ներկա էին հույն կաթոլիկ, ղպտի ուղղափառ և կալվին բողոքական եկեղեցիների ներկայացուցիչներ, այնուհետև Ռումինիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի և Ռումինիայի Հայոց միության կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանին:

Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի միջոցառմանը ելույթներով հանդես եկան Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթև Եպս. Հակոբյանը և Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը: Մտահոգություն հայտնելով Թուրքիայի կողմից իր հակահայ քարոզչության մեջ Եվրոպայում բնակվող թուրք համայնքներին ներքաշելու կապակցությամբ, որոնք առանց հարցի էության մեջ խորանալու փաստացի պաշտպանում են ժամանակակից թուրք կառավարության որդեգրած ժխտողականության քաղաքականությունը, դեսպանը նշեց, որ այդ զանգվածները խաղալիք են դարձել թուրք կառավարական շրջանակների ձեռքին և եվրոպական տարածքների վրա բախումների վտանգավոր նախադեպ են ստեղծում: «Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և նրա ժխտումը դատապարտելուն ուղղված միջազգային հասարակական-քաղաքական գործընթացների դեմ հանվում է ագրեսիվ զանգված: Թուրք կառավարական շրջանակների կողմից կրկին գործի են դրվում ուժային ճնշումների և շանտաժի միջոցները: Կրկին բաց է թողնվում հայատյացության հրեշը, որի թարմ դրսևորումներից են փետրվարյան հակահայկական ցուցերը Ստամբուլում:

Սրանք շատ վտանգավոր և մտահոգիչ զարգացումներ են, որոնք ցույց են տալիս, որ իրականում Թուրքիան շարունակում է հայ ժողովրդին և Հայաստանը դիտել որպես սպառնալիք, դրանից բխող բոլոր հետևանքներով», իր ելույթի մեջ ասաց դեսպան Համլետ Գասպարյանը:

Միաժամանակ Հայաստանի դեսպանը ողջունեց թուրք հասարակության մեջ օրեցօր ավելի բարձր հնչող կոչերը` շիտակորեն վերանայելու սեփական երկրի պատմությունը և շուռ տալու այդ սև էջը: «Մենք գտնում ենք, որ դա է հաշտեցման միակ ճանապարհը, այլ ոչ թե ստի և կեղծիքի քաղաքականությունը, հակահայ քարոզչական բլոկների ստեղծումը, որի միակ հետևանքը կարող է լինել հայ և թուրք ժողովուրդների միջև անջրպետի խորացումը և մեր չափազանց զգայուն տարածաշրջանի ապագայի վտանգումը», ասաց դեսպան Համլետ Գասպարյանը:

Մինչ այդ, Հայոց մշակութային տան ողջ երկարությամբ, Կարոլ Ա-ի պողոտայի դիմահայաց մասում, պաստառի վրա ցուցադրվում էին Արմին Վեգների և այլոց վավերական լուսանկարները, որոնք պատկերում էին հայերի տեղահանության ժամանակ կրած տառապանքները:

Արարողությունից հետո ռումինահայերը Հայաստանի դրոշներով և ցեղասպանությունը դատապարտող պաստառներով ուղղվեցին դեպի Բուխարեստի Հռոմի հրապարակ, ուր հավաքվածներին և անցորդներին բաժանում էին ցեղասպանության մասին պատմող նյութեր:

Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ տեղի ունեցան նաև հայաբնակ Կոստանցա, Սուչավա, Յաշ, Պիտեշտ, Ֆոկշան, Կլուժ, Գեռլա, Գեորգեն և Դումբրավեն քաղաքներում: Կլուժում հայերին միացան տեղական մտավորականությունը և հրեական համայնքը, ընթերցվեցին բանաստեղծություններ, ներկայացվեց Աննա Ասլանի «Արտույտներ ագարակը» վեպը և դրա հիման վրա Տավիանի եղբայրների ֆիլմը:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններով Ռումինիայի Սենատում հանդես կգան սենատոր, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, իսկ Պատգամավորների պալատում, պատգամավոր, Ռումինիայի Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը:

Դիտվել է 1062 անգամ:
Print Friendly

Leave a Reply