Ցեղասպանությունը վերապրած Հռիփսիմե Հաջի Սարգսյանն ամեն օր աղոթում է աշխարհի խաղաղության համար

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 24, 2012 17:30

Հռիփսիմե Հաջի Սարգսյանը 1915  թվականի Հայոց  ցեղասպանության ականատեսներից է, ով այս տարի բոլորեց իր 101-ամյակը: Նա այն եզակիներից է, ում  հաջողվել է ընտանիքի մի քանի անդամների հետ ողջ մնալ` գաղթելով  Հունաստան Արեւմտյան Հայաստանի Տավշալու գյուղից: «Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում  Աստղիկ Վարդանյանը` նրա հարսը,  տեղեկացրեց, որ վերջին օրերին Հռիփսիմե Հաջիի առողջական վիճակը  կտրուկ անկում է ապրել, այդ պատճառով նա  վերապատմեց այն,  ինչ հաճախ առանց արցունքները թաքցնելու սկեսրոջը  պատմել չի հաջողվում:

«Անմիջականորեն ջարդի տարիներից Հռիփսիմեն  ոչինչ չի հիշում, ցեղասպանության մասին նրա հիշողությունները մշուշոտ են, եղբոր պատմածից գիտի, որ իր  տատին  ու պապին թուրքերը  սպանել են  հենց տան դիմաց»,- ասաց Աստղիկը` մեջբերելով սկեսրոջ պատմածը:  Հռիփսիմեի մայրը, անցնելով աքսորի ճանապարհը, հասնում է Բուլղարիա, այնուհետեւ Հունաստան, որտեղ ծնողների մահից հետո  Հռիփսիմեի  խնամքով է զբաղվում ավագ եղբայրը:

Հունաստանում հանդիպելով  իր երկրորդ կեսին` ապագա ամուսնուն` Վաղարշակին, պատմության հերոսուհին սիրահարվում է առաջին  հայացքից եւ ամուսնանում:  Հայաստան նա վերադառնում է 1940-ականներին, իր հետ հայրենիք բերելով նաեւ  Արեւմտյան Հայաստանից մնացած միակ հուշը`  Քյոթայա գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու մասունքը, որի առաջ ամեն օր աղոթում է:

«Երեկոյան պարտադիր աղոթքի ընթացքում Հռիփսիմեն  խնդրում է Սուրբ Ստեփանոսից բոլոր մարդկանց համար  առողջություն, իսկ աշխարհին` խաղաղություն»,- նշեց  Աստղիկը` վստահեցնելով, որ Հռիփսիմե Հաջիի հավատքն առանձնակի է այդ Սուրբ մասունքի ավանդության համաձայն ունեցած հրաշագործ ուժի հանդեպ:

Հռիիփսիմե Հաջի Սարգսյանն ունի  2  երեխա, 6  թոռ, 14 ծոռ եւ 3  կոռ, որոնց շրջապատում էլ վայելում է իր ծերությունը` երբեք չմոռանալով Ցեղասպանության եւ նրա անդառնալի  հետեւանքների  մասին:

Դիտվել է 1374 անգամ:
Print Friendly

Leave a Reply