Վենետիկի քաղաքապետ. Հետաքրքիր կլինի Վենետիկի ավանդական դիմակահանդեսը բերենք Հայաստան, տեսանյութ

Հարցազրույց | | April 24, 2012 14:38

Երեւանը 2012-ին համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ իրականացվող միջոցառումներին ներկա են բարձրաստիճան հյուրեր նաեւ արտասահմանից։ Այս օրերին Հայաստանի մայրաքաղաքում հյուրընկալվել է նաեւ Երեւանի քույր քաղաք Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնին, ով թեեւ հագեցած օրակարգին, համաձայնեց պատասխանել NEWS.am-ի հարցերին։

Պարոն Օրսոնի, ի՞նչ տպավորություն եք ստացել Երեւանում ընթացող բազմաթիվ միջոցառումներից:

Շատ կենդանի քաղաք է եւ երիտասարդները շատ ներգրավված է քաղաքի կյանքին։ Դա ցանկություն է առաջացնում նայել դեպի ապագա, թեեւ այժմ գտնվում ենք համաշխարհային ճգնաժամի վիճակում։

Առաջին անգա՞մ եք Հայաստանում։

Այո, առաջին անգամ եմ Հայաստանում, թեեւ հայերն ու Վենետիկի բնակիչները դարավոր կապեր ունեն։

Հայաստանին ծանոթ էիք, թերեւս, Վենետիկի Սբ. Ղազար կղզում գտնվող միաբանությունից, այսինքն՝ ավելի ծանոթ էիք հին Հայաստանին։ Ինչպիսի՞ն է ձեզ համար ժամանակից Հայաստանը։

Այն, ինչ հասցրեցի տեսնել այս կարճ ժամանակահատվածում, դա այն է, որ հայերը շատ են գնահատում իրենց ավանդույթները, եւ դրա հետ մեկտեղ ներգրավում են երիտասարդների ուժերը։

Վենետիկն ու Երեւանը մեկ տարի առաջ դարձան քույր քաղաքներ։ Ի՞նչ կարելի էր անել մեկ տարում, որ չի արվել։

Ընդամենը մի քանի ամիս առաջ է ստորագրվել համաձայնագիրը։ Միգուցե պետք է մտածեինք ու շատ ժամանակ առաջ կնքեինք այն։ Իմ ներկայությունը Երեւանում, որը հռչակվել է «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» հաստատում է այն փաստը, որ ապագային միտված ծրագրեր կլինեն։

Հանդիպումների ընթացքում համատեղ մշակութային ծրագրեր իրականացնելու պայմանավորվածություններ եղե՞լ են, թե` ոչ, եւ եթե չեն եղել, ապա ինչո՞ւ։ Օրինակ կարելի է հայկական գրքերը ներկայացնել Վենետիկում, իսկ Երեւանում վենետիկցիների օգնությամբ վենետիկյան հայտնի դիմակահանդես անցկացնել։

Շատ գեղեցիկ ծրագիր է, շատ անելիքներ կան միասին, հատկապես մշակույթի ոլորտում, բայց մի կողմ չդնելով մեր տնտեսական հարաբերությունների զարգացման նպատակները եւ վենետիկցիների կողմից Հայաստանում, եւ երեւանցիների կողմից Իտալիայում։ Ինչու ոչ, հետաքրքիր կլինի Վենետիկի ավանդական դիմակահանդեսը բերենք Հայաստան։ Շատ հետաքրքիր կլինի։

Երկու սեզոն է գործում է Երեւան – Վենետիկ չվերթը։ Հայերը, որպես զբոսաշրջիկ ինչ-որ կերպ առանձնացե՞լ են։

Իսկապես հայ զբոսաշրջիկը նոր երեւույթ է Վենետիկում, եւ հայերը մեր քաղաքի կարեւոր մասն են կազմում։ Կարծում եմ, որ ուղիղ չվերթի բացումը հնարավորություն կտա, որ ավելի շատ հայ զբոսաշրջիկներ գան Վենետիկ, եւ ինչու ոչ, վենետիկցի զբոսաշրջիկները գան Հայաստան։

Միլանի նահանգապետը մեզ հետ հարցազրույցում ասաց, որ աշնանը անպայման գալու է Հայաստան դիտելու Հայաստան- Իտալիա ֆուտբոլային հանդիպումը։ Հնարավո՞ր է դուք էլ միանաք։

Ինչու ոչ։ Ֆուտբոլային խաղը շատ լավ առիթ, բայց պարտադիր չէ, որ ֆուտբոլը լինի առիթ, որ ես գամ Հայաստան։ Ես հաճույքով կգամ Հայաստան, այնքան լավ դրդապատճառներ կան, որ ես գամ Հայաստան։

Դիտվել է 1583 անգամ:
Print Friendly

Leave a Reply