Ինչպես է Հայաստանում պանրագործության վիճակը

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | April 24, 2012 14:50

Շուկայական հարաբերությունների անցնելու հետ, ինչպես հայտնի է, տեղական արտադրանքն աստիճանաբար դուրս մղվեց շուկայից ներմուծվողի հաշվին, եւ արդյունքում ամբողջ ոլորտներ այսօր պահպանում են միայն իրենց խղճուկ գոյությունը: Սակայն պանրագործությունը, բարեբախտաբար, դրանցից չէ:

Անցած տարվա տվյալներով` պանրի ընդհանուր ապրանքային ռեսուրսներում ներմուծումը կազմել է միայն 5,7%: Պանրի ապրանքային ռեսուրսները միջինը բնակչության մեկ շնչի համար կազմում են ամսական 0,5 կգ, ինչը կարելի է լավ ցուցանիշ համարել` հաշվի առնելով երկրում աղքատության զգալի մակարդակը:

Հայաստանում պանրի շուկայի թերություններից մեկը կարելի է համարել համեմատաբար սահմանափակ տեսականին, որն անգամ երեք տասնյակի չի հասնում: Թեեւ մեր սպառողները բավականին ավանդապահ են այդ առումով:

Պանրի համեմատաբար թանկարժեք տեսակները ներկրվում են աննշան ծավալով: Պատճառն այն է, որ դրանք մատչելի են ոչ բոլոր սպառողների համար: Օրինակ, անցած տարի ներկրվել է «ընդամենը» 1,0 հազ. տոննայից մի փոքր ավելի:

Ներկրվող պանրի մաքսային արժեքը նշված տարում կազմել է կիլոգրամի դիմաց 5,5 դոլար կամ 2044,5 դրամ: Նկատենք, որ սա արդեն իսկ բարձր է հայրենական արտադրության պանրի մանրածախ գնից` կիլոգրամի դիմաց 1783,2 դրամ: Բայց մաքսային արժեքին դեռ պետք է ավելացնել նաեւ հարկերը:

Ընթացիկ տարվա մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պանրի առանձին տեսակների` «Չանախի» եւ «Լոռիի» գները նվազել էին համապատասխանաբար 2,8% եւ 2,2%-ով: Սակայն դա ապրանքի սովորական էժանացում չէ: Պարզապես մեր պանրագործարանները սպեկուլյատիվ եղանակով ուռճացրել էին իրացման գները, իսկ հետո ստիպված էին հրաժարվել դրանից:

Ի տարբերություն ` ներկրվող «Չեդեր» պանրի գինը բարձրացել էր 10,5%-ով: Արդյունքում փոփոխվել էր վերոնշյալ տեսակի եւ հայրենական «Չանախի» գնային հարաբերակցությունը. եթե նախկինում ներկրվածը «Չանխից» թանկ էր 1,24 անգամ, ապա այսօր` մինչեւ 1,41 անգամ:

Բայց մենք ոչ միայն ներկրում ենք պանիր, այլեւ արտահանում ենք, մասնավորապես, Ռուսաստան եւ ԱՄՆ, որտեղ մեծ հայ համայնք կա: Օրինակ, անցած տարի արտահանման ծավալը կազմել է 439,8 տոննա (մոտ 1,9 մլն դոլարի), ընդ որում` նախորդ տարվա համեմատ ծավալը կրճատվել է 11,4%-ով:

Դրա հետեւանքով պանրի ներմուծման եւ արտահանման ծավալների տարբերությունը տարեկան աճել է 2,5 անգամ`229,4 տոննայից հասնելով 579,4 տոննայի: Բնականաբար, «մինուս» նշանով: Բացասական սալդոն դոլարային արտահայտությամբ աճել է 74%-ով` հասնելով 3,74 մլն դոլարի: Եթե ֆորմալ մոտենանք, ապա Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության ընդհանուր սալդոյի համապատկերում պանրի ցուցանիշը չնչին է թվում:

Սակայն հենց այդպիսի «չնչին» ցուցանիշների հանրագումարից է ձեւավորվում արտաքին առեւտրում մեր անհավասրակշռության չարդարացված մասը:

Ալբերտ Խաչատրյան

NEWS.am

Դիտվել է 1852 անգամ:
Print Friendly

Leave a Reply