«Գնիր հայկականը» համազգային արշավով կմեկնարկի տեղական արտադրանքի առաջընթացը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 12, 2009 13:59

Նոյեմբերի 1-ին կմեկնարկի «Գնիր հայկականը» համազգային արշավ` ուղղված ազգային արտադրողի դիրքերի ուժեղացմանը. այսօր հայտարարեց էկոնոմիկայի նախարար Սերգեյ Երիցյանը:

«Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ(ՀՄՀ) կորպորացիան և ՀՀ կառավարությունն այս նախաձեռնությունը ձեռնարկում են ճգնաժամի պայմաններում, որպեսզի աջակցություն ցուցաբերեն տեղական արտադրողին և խթանեն մարդկանց զբաղվածությունը»,-ասաց Երիցյանը:

Արշավն իրականացվում  է «Ջրից դեպի շուկա»(ՋդՇ) ծրագրի շրջանակներում, որն իր հերթին հանդիսանում է ՀՄՀ բաղադրիչներից մեկը:
Էկոնոմիկայի նախարարն ասում է, որ արշավի ընթացքում մշտապես կպահպանվի կապը արտադրողների հետ, և կառավարությունն ավելի լավատեղյակ կլինի այն սպասումներին, որ ունի հայրենական արտադրողն իրենցից:

«Գնիր հայկականը»-ը հիմնականում ուղղված է գյուղատնտեսական ոլորտի կայացմանը: «Այս արշավը բավական երեկարաժամկետ է և հեռահար նպատակներ ունի, որովհետև գյուղմթերք արտադրողին ուզում է տեսնել ավելի բարեկեցիկ ու եկամուտներ ունեցող»,-ասում է ՀՄԿ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ալեքս Ռասինը:

«Արշավի հիմնական նպատակներից մեկն այն է, որ հայ սպառողը հպարտությամբ ընկալի տեղական արտադրանք ունենալու գաղափարը,-ասաց ՋդՇ ծրագրի ղեկավար Ռիչարդ Հյուրելբրինքը,-Հայ սպառողը պիտի գիտակցի, որ  տեղական արտադրանք գնելով՝ նպաստում է հայրենական արադրողի կայացմանը»:

ՀՄԿ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ալեքս Ռասինը կարևորեց ՀՀ կառավարության աջակցությունն այս ծրագրին. «Ուզում եմ ասել, որ ամերիկյան կառավարությունը միայն ֆինանսավորում է, իսկ ծրագրերն ու գաղափարներն առաջարկում է ՀՀ կառավարությունը, և դրանք հավանության են արժանացել մեր կողմից»:

Արշավի հիմնական առաքելությունն է ապահովել բնակչությանը տեղեկատվությամբ՝ հայ ֆերմերների կողմից արտադրված և ձեռնարկությունների կողմից վերամշակված սննդամթերքի մասին, ինչպես նաև նպաստել գյուղացիական տնտեսությունների կայացմանը:

ՀՄՀ-Հայաստան-ի ՋդՇ բաղադրիչ-ծրագիրը մոտ 32մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ գյուղատնտեսությանն աջակցելու ծրագիր է:

«Գնիր հայկականը» արշավը կշարունակվի մինչև դեկտեմեբերի 30-ը: Ողջ ընթացքում նախատեսված են բազմաթիվ հանդիպումներ ԶԼՄ-երի հետ, համտեսումներ, գովազդային ակցիաներ:

Դիտվել է 1349 անգամ:
Print Friendly

Leave a Reply