Ցեղասպանությունից 97 տարի անց Թուրքիան դեռևս չի ընդունել իր ոճրագործությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 24, 2012 13:29

Այսօր ողջ հայությունը ոգեկոչում է 1915-ի Հայոց Ցեղասպանության անմեղ 1,5 մլն զոհերի հիշատակը:

Երիտթուրքական կառավարությունը նպատակ ուներ հսկայածավալ Թուքական կայսրություն ստեղծել, որը կտարածվեր մինչև Չինաստան` ներառելով Կովկասը, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին:

Պանթուրքիզմի իրականացման ճանապարհին հիմնական խոչընդոտ էր համարվում հայ ժողովուրդը: Դեռ 1911-1912 թթ. երիտթուրքերը պլանավորում են հայերի կոտորածը, որի իրականացման համար հարմար առիթ է ստեղծվում Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկով:

Հրեշավոր ծրագիրն ի կատար է ածվում 3 փուլով:

Առաջին փուլում բանակ զորակոչվեցին բոլոր 15-45 տարեկան հայ տղամարդիկ, որոնց զինաթափեցին և  50-100 հոգանոց խմբերով առանձին-առանձին բնաջնջեցին: Բռնագրավվեց նաև  հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը:

Ծրագրի երկրորդ փուլը հայ մտավորականության` քաղաքական, մշակութային և  ռազմական գործիչների ոչնչացումն էր: 1915 թ.-ի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 մտավորականներ. ապրիլի 29-ին նրանց թիվն անցավ 800-ից: Բոլորն աննկարագրելի տանջանքերի ենթարկվեցին և սպանվեցին: Թուրքական յաթաղանի զոհը դարձան մեծանուն հայորդիներ, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Սիամանթոն,  Դանիել Վարուժանը և այլք:

Թուրք ջարդարարների հրեշավոր ծրագրի երրորդ փուլն անպաշտպան հայ բնակչության` գերազանցապես կանանց, ծերունիների և  երեխաների կոտորածն էր:

Ահռելի էին նաև նյութական կորուստները։ Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը։ Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան։ Հայությանը հասցվեց 14,5 միլիարդ ֆրանկի վնաս։

Հայոց ցեղասպանությունը մինչ օրս ճանաչել ու դատապարտել են բազմաթիվ երկրներ: Սակայն Թուրքիան դեռևս շարունակում է հերքել ոճրագործությունը և չի ընդունում Ցեղասպանության փաստը:

Դիտվել է 711 անգամ:
Print Friendly

Leave a Reply