Ազատագրված Քաշաթաղի դպրոցների համար մինչեւ մայիսի 12-ը կազմակերպվում է գրքահավաք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 24, 2012 13:07
Ներկայումս Քաշաթաղի բնակավայրերից երեքը քաղաքներ են՝ Բերձոր (շրջկենտրոն), Միջնավան, Կովսական: Շրջանում կան շուրջ 100 գյուղական բնակավայրեր, սակայն այն ճանապարհները, որոնք այդ բնակավայրերը պետք է կապեն մյուս բնակավայրերին, դժվարանցանելի են: Մի շարք գյուղերում բնակչությունը սակավաթիվ է, չկան դպրոցներ, եւ երեխաները ստիպված են լինում քայլել մի քանի կիլոմետր հարեւան գյուղի դպրոց հասնելու համար: Ընդհանուր առմամբ, գյուղական դպրոցներում խնդիրներն շատ են. օրակարգային խնդիրներից է դպրոցների գրադարաններում առկա գրքերի պակասը: Այս գյուղերում բնակվող երեխաները՝ յուրաքանչյուրը հետագայում ընտրած իր մասնագիտությամբ, հայ ժողովրդի ապագան են: Իսկ ապագան պետք է լինի կրթված մարդկանց ձեռքին. յուրաքանչյուր մարդ կրթվում է՝ առաջին հերթին գիրք ընթերցելով:
Վերոնշյալ խնդիրը պահանջում է պարտադիր լուծում եւ այդ նպատակով կազմակերպվում է գրքահավաք: Գրքերը ցանկալի է լինեն հայալեզու (թեեւ կարող են լինել նաեւ ռուսերեն ու անգլերեն) եւ դպրոցական երեխաների համար մատչելի գրված: Առավել անհրաժեշտ գրականությունը հետեւյալն է՝
1. Հայ եւ ռուս դասական հեղինակներ,
2. Հայկական հեքիաթներ,
3. Բառարաններ (հայերեն-ռուսերեն, հայերեն-անգլերեն եւ հակառակը) եւ հանրագիտարաններ,
4. «Հետաքրքրաշարժ հանրագիտարան: Ֆիզիկան մեր շրջապատում»
5. Արկածային գրականություն,
6. «Сто великих»,
7. Լեո «Երկերի ժողովածու» հ. 1-9, Հայրենագիտական մատենաշար
Եթե այս ցանկում նշված եւ ոչ մի գրականություն չունեք, բայց ցանկանում եք Ձեր մասնակցությունն ունենալ այս նախաձեռնությանը եւ ունեք գումար, ապա կարող եք այդ գումարով գնել որեւէ գիրք, որը վերաբերում է վերոնշյալ ցանկին:
Գրքահավաքին մասնակցել ցանկացողներին խնդրում են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 077 124-334, 055 124-338 կամ գրել հետեւյալ էլ փոստին՝ arm.divanaget@gmail.com(Արմեն):
Հայկական գիտական համագործակցությունը ողջունում է այս ազգանվեր նախաձեռնությունը եւ իր աջակցությունը հայտնում աշխատանքների կազմակերպման հարցում։
Հիշեցնենք, որ Քաշաթաղը Արցախը Մայր Հայաստանին կապող կարեւորագույն օղակ է: Այն ազատագրվեց 1992թ. մայիսի 18-ին: Այնուհետեւ սկսվեց շրջանի վերաբնակեցումը, որը շարունակվում է մինչեւ այսօր, թեեւ դեռեւս ավերակները քանակապես գերազանցում են բնակելի տներին:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
