Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը բազմամարդ է. մարդիկ հարգանքի տուրք են մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 24, 2012 13:06

Այսօր վաղ առավոտից հայերն այցելում են Ծիծեռնակարերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1915-ին երիտթուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 97 տարի առաջ իրագործված եղեռնագործությանը զոհ դարձավ 1,5 մլն հայ:

Այս տարի էլ, ինչպես և նախորդ տարիներին, հուշահամալիր տանող ուղին բազմամարդ է. դեռ հազիվ առաջին քայլերն անող մանկիկներից մինչև մեծահասակ տատիկներ ու պապիկներ ծաղիկները ձեռքներին անշտապ դեպի անմար կրակ են քայլում:

Այսօր առաջին անգամ էր հուշահամալիր այցելում 6-ամյա Սերգեյը, որին ուղեկցում էր քույրիկը: Առաջին դասարանցի Սերգեյին և համադասարանցիներին ուսուցչուհին պատմել է  Ցեղասպանության մասին ու հանձնարարել հուշահամալիր այցելել և տեսածն ու ապրածը պատմել հաջորդ դասին: Անմար կրակին հասնելու համար երկու ժամ է պահանջվում. այդ ընթացքում Սերգեյը լուռ շուրջն է նայում ու ձեռքում պինդ սեղմում մեխակը: Բարձունքից ինջնելուց նոր փոքրիկը ցույց է տալիս, թե որքան հոգնած է: Հարցին, թե ինչ է պատմելու դասարանցիներին, ասում է` հիմա չգիտեմ:

Այսօր առաջին անգամ էր Ծիծեռնակաբերդի բարձունքում նաև 20-ամյա Սիլվան. ասում է, որ վերջապես որոշել է այցելել ու խղճի առջև պարտքը կատարել` հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին:

Բազմամարդ հերթում բոլորը հանգիստ կանգնած են, ոչ ոք չի աղմկում, չի փորձում առաջ անցնել, ինչպես սովորաբար վարվում են հերթերի ժամանակ:  Վայրէջքի ճանապարհին էլ մի կին բարձր-բարձր խոսում է. «Հալալ ա մեր ազգին, որ էսքան բանին դիմացել է ու հիմա կանք: Չէ, հաստատ ամեն ինչ լավ ա լինելու, այլ բան չի էլ կարող լինել»:

Դիտվել է 1750 անգամ:
Print Friendly

Leave a Reply