Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Սան Պաուլոյում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 24, 2012 12:38

Ապրիլի 21-ին Սան Պաուլո քաղաքի կենտրոնական` Ավենիդա Պաուլիստա պողոտայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված բազմամարդ երթ, որին մասնակցում էին բրազիլահայ համայնքի կրոնական և աշխարհիկ բոլոր միությունների և կազմակերպությունների ղեկավարներն ու անդամները, հայ և բրազիլացի երիտասարդական ու սկաուտական ջոկատներ` ընդհանուր առմամբ ավելի քան 500 մարդ:
Քայլերթի մասնակիցները ցույցի էին դուրս էին բերել ցեղասպանության դրվագները պատկերող և նրա հեղինակներին դատապարտող տեքստերով երեք մետր բարձրությամբ երեսուն ցուցատախտակներ, Հայաստանի Հանրապետության դրոշներ, երեք հազար պոստերներ և հինգ հազար քարոզչական բրոշյուրներ, որոնք բաժանվում էին անցորդներին:
Պողոտայի վրա գտնվող գրասենյակներին, առևտրի կետերին ու տարբեր հաստատություններին նախօրոք տրամադրվել էին հայերի նկատմամբ Օսմանական Թուրքիայի կազմակերպած ոճրագործության վերաբերյալ հարյուրավոր պաստառներ, վարորդներին էին բաժանվում ինքնափակցվող նյութեր:
Ավելի քան երկու ժամ տևած քայլարշավի դադարներին տեղի էին ունենում ելույթներ, կատարվում էին Հայաստանի Հանրապետության օրհներգն ու հայրենասիրական երգեր, վանկարկումներ:
Ըստ տեղական մամուլի ու հեռուստատեսության, ինչպես նաև համայնքային ղեկավարության ընդհանրական գնահատականի, Ցեղասպանությունը դատապարտող ներկա միջոցառումը բրազիլահայության, հատկապես նրա երիտասարդական թևի, վերջին տասնամյակների ամենախոշոր ելույթն էր:
Ապրիլի 22-ին Սան Պաուլոյի Հայ Առաքելական «Սբ. Գրիգոր» եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագ և հոգեհանգստյան արարողություն, որին մասնակցում էին ՀՀ դեսպան Աշոտ Եղիազարյանը, Սան Պաուլոյում ՀՀ պատվո գլխավոր հյուպատոս Հիլդա Բուրմայանը, Սան Պաուլոյի քաղաքային խորհրդարանի պատգամավորներ և այլ բարձրաստիճան անձինք:
Պատարագներ մատուցվեցին նաև Հայ կաթողիկե և Կենտրոնական ավետարանական եկեղեցիներում, որոնց ավարտից հետո դրանց մասնակիցները միասնական շարասյունով ուղղվեցին դեպի Արմենիա հրապարակի Ցեղասպանության զոհերի նորաբաց հուշարձան, ուր Բրազիլիայի կայսերական զորախմբի պատվո պահակախմբի ներկայությամբ տեղի ունեցավ ծաղկեպսակների տեղադրում և հոգևոր-քաղաքացիական արարողություն:
Միջոցառման ընթացքում նրա մասնակիցներին բաժանվեց պատգամավոր Սելսո Ժատենեի կողմից քաղաքային խորհրդարանի 2007 թ. Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրենքի վերախմբագրված ու հաստատված տեքստը:

Դիտվել է 694 անգամ:
Print Friendly

Leave a Reply