Արմեն Աշոտյանը «կազմակերպված տարաբնույթ միջամտություն» է որակել Վլ. Զախարովի բաց նամակն ի օգուտ Զոլյանի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 23, 2012 23:09

Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «կազմակերպված տարաբնույթ միջամտություն» է որակել Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի սոցիալական եւ քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովի բաց նամակն ուղղված Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին, որտեղ Զախարովն «ամոթալի» է համարում ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանին աշխատանքից ազատելու Աշոտյանի որոշումը:

Այս մասին ԿԳ նախարարն ասել է այսօր` ապրիլի 23-ին, ԿԳՆ-ում «Վերջին զանգ» երգի շնորհանդեսի ժամանակ:

«Ինքներս իրավական ճանապարհն ենք բռնել եւ ակնկալում ենք իրավական լուծումներ: Կազմակերպված տարաբնույթ միջամտությունները օրենքի դաշտում կարգավորվող խնդրի նկատմամբ չեմ համարում, որ արդյունավետ են ու ճիշտ»,-նշել է Աշոտյանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման էր ստորագրել Ս. Զոլյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում դադարեցնելու եւ 2008թ. մարտի 17-ի թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին:

Դրանից օրեր անց Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի սոցիալական եւ քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը բաց նամակ է հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում մասնավորապես, ասվում է.

«Ցավով տեղեկացա Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում իրավիճակի մասին` կապված ռեկտոր Սուրեն Զոլյանի ազատման հետ: Նման ամոթալի գործելակերպը վկայում է Կրթության եւ գիտության նախարարի կողմից ոչ միայն այս ուսումնական հաստատությունում, այլեւ կրթությունում իրավիճակը չընկալելու մասին: Ի՞նչպես կարելի է այդպես հեշտությամբ աշխատանքից հեռացնել գիտնականի, ես չեմ քաշվում ասել` միջազգային համարում ունեցող մարդու: Ի՞նչ է կատարվում Հայաստանում: Ես, ինչպեսեւ Ռուսաստանում շատ գիտնականներ, չէինք կարող նման արձագանք սպասել Կրթության եւ գիտության նախարարի կողմից: Մի՞թե Ձեզ մոտ այնքան շատ են բարձր որակավորում ունեցող կադրերը, որոնք ունակ են Ձեր հանրապետությունը ներկայացնել քաղաքակիրթ աշխարհի առջեւ, ինչպես դա անում էր Սուրեն Զոլյանը:Ինչպես եվրոպական, այնպես էլ հետխորհրդային տարածքի գիտական աշխարհի մի շարք ներկայացուցիչներ Ձեզնից արդար եւ միակ ճշգրիտ լուծումն են ակնկալում` վերականգնել միջազգային համբավ ունեցող գիտնական Զոլյանին ռեկտորի պաշտոնում»:

NEWS.am

Դիտվել է 1233 անգամ:
Print Friendly

Leave a Reply