Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Վենետիկի քաղաքապետին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 23, 2012 19:34

Ապրիլի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Վենետիկի քաղաքապետ Ջորջո Օրսոնիին, ով Երևանում է գտնվում «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» խորագրի միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ ժողովուրդը յուրահատուկ պատմական առնչություններ ունի Վենետիկի հետ, ինչը պայմանավորված է Վենետիկում հարուստ հայկական մշակութային ժառանգության առկայությամբ եւ Մխիթարյան միաբանության հարյուրամյակների գործունեությամբ: Հայաստանի ԱԳ նախարարի բնորոշմամբ անցյալ տարի տեղի ունեցած ՀՀ Նախագահի այցելությունը Վենետիկ նոր էջ բացեց Երեւանի եւ Վենետիկի հարաբերություններում, որոնք այսօր արդեն գործնական իրականացում են ստանում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ քաղաքապետ Օրսոնին ընդգծեց, որ Վենետիկի իշխանությունները ցանկանում են ընդլայնել Երեւանի հետ համագործակցությունը եւ իր այցը միտված է նաեւ փոխգործակցության զարգացմանը:
Զրուցակիցները քննարկեցին մշակութային եւ զբոսաշրջության բնագավառում փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ անդրադարձան փոքր եւ միջին ձեռնարկատիրության Վենետիկի փորձը Հայաստանում կիրառելու հեռանկարին:
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Օրսոնիին 1998 թ. Վենետիկի քաղաքային խորհրդի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման համար:

Դիտվել է 923 անգամ:
Print Friendly

Leave a Reply