Ընդունելություն Ազգային գրադարանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 23, 2012 13:24


Ապրիլի 22-ին Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքում` Տերյան 72 հասցեում հյուրընկալվեցին աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրեր` Ազգային գրադարանների տնօրեններ, պատասխանատուներ, մտավորականներ, որոնք Երևանում են և մասնակցում են հայ գրատպության 500-ամյակի ու Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարություններին:
Նորոգված մասնաշենքի ընդարձակ նախասրահում կազմակերպվել էր տարբեր երկրների հնատիպ և վաղ շրջանների գրքերի, մամուլի ինքնօրինակ ցուցադրություն, որի բացմանը ներկա եղան հյուրերը` մեր երկրում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հոֆֆերը, տիկնոջ հետ, Գրադարանների ասոցիացիաների և ինստիտուտների միջազգային ասոցիացիայի նախագահ Ինգրիդ Փարենթը, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի իրավաբանական բաժանմունքի ղեկավար Դեյվիդ Մաուն, Շվեյցարիայում գործող մանկապատանեկան գրքերի ինտերնացիոնալ կազմակերպության (ԻԲԲԻ) գործադիր տնօրեն Էլիզաբեթ Փեյջը, Ամստերդամի համալսարանի Ժառանգության հավաքածուի տնօրեն Սթեփ Սքոլթենը, Վրաստանի ազգային գրադարանի տնօրեն Գեորգի Կեկելիձեն, Բելառուսի ազգային գրադարանի տնօրեն Ռոման Մատուլսկին, Լիտվայի ազգային գրադարանի տնօրեն Ռենալդաս Գուդաուսկասը, Անգլիայի Միդլսաքս համալսարանի գրադարանի տնօրեն Ալան Հոփկինսը, Մոսկվայի Բաումանի անվան տեխնիկական համալսարանի գրադարանային համալիրի տնօերնի օգնական Մարգարիտա Զավարոնոկը և ուրիշներ:
ՀԱԳ տնօրեն Տիգրան Զարգարյանը ողջունեց հյուրերին, շնորհակալություն հայտնեց ցուցադրանքում տեղ գտած ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի կողմից արժեքավոր գրականության նվիրատվության համար, այնուհետև ծանոթացրեց բազմալեզու հնատիպ գրքերի ցուցադրությանը:
Թամանյանական մասնաշենքում էլ տեղի ունեցավ Ազգային գրադարանների տնօրենների և պատասխանատուների հանդիպումը Գրադարանների ասոցիացիաների և ինստիտուտների միջազգային ասոցիացիայի նախագահ տիկին Ինգրիդ Փարենթի հետ: Հանդիպման մասնակիցները կարևորեցին գրադարանների դերը ժամանակակից մշակութային կյանքում, դրանք համարելով մարդկանց և ժողովուրդների շփման հոգևոր եզրեր:
ՙՀոգևոր հայրենիք՚

Դիտվել է 1030 անգամ:
Print Friendly

Leave a Reply