ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի իրավաբանական բաժանմունքի ղեկավար Դեյվիդ Մաուն դասախոսել է Ազգային գրադարանում
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | April 23, 2012 17:55
Ապրիլի 23-ին Հայաստանի ազգային գրադարանի նիստերի դահլիճում դասախոսությամբ հանդես եկավ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի իրավաբանական բաժանմունքի ղեկավար Դեյվիդ Մաուն, որը Հայաստան է ժամանել` մասնակցելու Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու և հայ գրատպության 500-ամյակի տոնակատարություններին: Դասախոսության թեման` ՙԱՄՆ գրադարանները և հանրության ներգրավումը նրանց աշխատանքում՚, վերաբերում էր Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանի գործունեությանը և համակարգում ընդգրկված գրադարանների աշխատանքի կազմակերպմանը:
Ազգային գրադարանի աշխատակիցները հետաքրքրությամբ և ուշադրությամբ ունկնդրեցին բանախոսին, որը բազմակողմանիորեն ներկայացրեց ամերիկյան գրադարանների աշխատանքը, վարչական կառուցվածքը, ղեկավարման համակարգը, բաժանորդների համար սահմանված կանոնները, կապը օրենսդիր մարմնի անդամների` կոնգրեսականների հետ: Այնուհետև Դեյվիդ Մաուն պատասխանեց գրադարանավարների հարցերին, մասնավորապես հավելելով, որ Վաշինգտոնյան գրապահոցներում պահվում է շուրջ 40.000 անուն հայատառ գրականություն: Այն հնարավորություն է ընձեռել վերջերս կազմակերպելու հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցադրություն Կոնգրեսի գրադարանում, ուր ներկայացվել է հավաքածուի ամենահետաքրքիր նմուշների մի փոքր մասը:
Դասախոսությունն ուղեկցվում էր տեսանյութի և լուսանկարների ցուցադրությամբ:
ՀԱԳ փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը շնորհակալություն հայտնեց պարոն Դեյվիդ Մաուին հետաքրքիր դասախոսության և նախօրյակին Կոնգրեսի գրադարանից իբրև նվիրատվություն ստացած արժեքավոր գրականության համար:
ՙՀոգևոր հայրենիք՚






Facebook
Tweet This
Email This Post
