Հյուր էր Իրանի ազգային գրադարանի և արխիվի տնօրենը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 23, 2012 17:58


Ապրիլի 23-ի առավոտյան Հայաստանի ազգային գրադարանում հյուրընկալվեց Իրանի Իսլամական Հանրապետության ազգային գրադարանի և արխիվի տնօրեն պարոն Էհաջ Սալահին: Նա Հայաստան է ժամանել մասնակցելու 2012 թվականին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու և հայ գրատպության 500-ամյակի տոնակատարություններին: Նրան ուղեկցում էին մեր երկրում Իրանի դեսպանության մշակութային պատասխանատուներ: Հյուրերը ծանոթացան Ազգային գրադարանում բացված հայերեն, պարսկերեն և վրացերեն հնատիպ գրքերի ցուցադրանքին, այնուհետև թեյի սեղանի շուրջ տեղի ունեցավ երկու երկրների Ազգային գրադարանների տնօրենների հանդիպումը: ՀԱԳ տնօրեն Տիգրան Զարգարյանը ողջունելով հյուրերին` նրանց նվիրեց հոբելյանական հուշանվերներ, ապա ներկայացրեց Հայաստանի ազգային գրադարանի պատմությունն ու այսօրը, ընդհանուր տեղեկություններ հայտնեց գրադարանի պահոցներում տեղ գտած օտարալեզու գրականության մասին, մատնանշելով նաև գրադարանի` արդեն լուծում գտնող խնդիրները, որոնք հիմնականում պայմանավորված են շենքային պայմաններով, մասնաշենքերի նորոգմամբ:
Իրանի ազգային գրադարանի և արխիվի տնօրենն իր խոսքում անդրադարձավ հայ-իրանական դարավոր մշակութային կապերին, կարևորեց մեր երկու ժողովուրդների մշակութային համագործակցությունը, ներկայացրեց Իրանի ազգային գրադարանի գործունեությունն ու աշխատանքային պայմանները, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությունն ու դերը գրադարանում, էլեկտրոնային գրականությունից օգտվելու հնարավորությունները: Պարոն Սալահին իրանյան գեղեցիկ հուշանվեր հանձնեց ՀԱԳ տնօրեն Տ.Զարգարյանին և հույս հայտնեց, որ հայ-իրանական մշակութային համագործակցությունը գրադարանային ոլորտում կարող է փոխշահավետ և օգտակար լինել: Տ.Զարգարյանը հավաստիացրեց, որ Հայաստանի ազգային գրադարանը պատրաստ է համագործակցելու իրանցի գործընկերների հետ և հույս հայտնեց, որ փոխայցելությունները կդառնան հաճախակի` լինելով օգտակար երկու կողմերի համար:
Հանդիպաման ավարտին հյուրերը ծանոթացան Հայաստանի ազգային գրադարանի հնատիպ, հազվագյուտ և արխիվային գրականության բաժնում պահվող գրականությանը, եղան ընթերցասրահներում:
ՙՀոգևոր հայրենիք

Դիտվել է 1262 անգամ:
Print Friendly

Leave a Reply