Թուրքիայի ժխտողականությունը մերկացնող «Սեւ գիրք»-ն ընթերցողի դատին է հանձնվել նաեւ ռուսերեն

Օրվա լուր | | April 23, 2012 17:08


1915 թվականին Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործությունների մասին պատմող «Սեւ գիրք»-ն արդեն հանրությանը ներկայանում է նաեւ ռուսերեն: Գրքում առաջին անգամ համահավաք ներկայացվում են Թուրքիայում հայկական կոտորածների մասին օտարազգի նշանավոր պետական ու քաղաքական գործիչների, դիվանագետների, ականատեսների, ճանապարհորդների, պատմաբանների, գրողների, լրագրողների, միսիոներների հոդվածները, ելույթները, նոթերը, վկայությունները, գեղարվեստական ստեղծագործությունները, ինչպես նաեւ բնորոշ հատվածներ ծավալուն ուսումնասիրություններից:

Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ նշեց գրքի հեղինակ Ալբերտ Իսոյանը, միջազգային հանրությանը հայտնի են կապույտ, դեղին, նարնջագույն, կարմիր գրքեր, իսկ իրենք որոշել են իրենց կատարած ուսումնասիրությունը վերնագրել «Սեւ գիրք» ոչ նրա համար, որ գոյություն ունեն «բազմագույն» գրքեր, այլ նրա համար, որ վերնագիրը կարողանում է ամբողջապես արտացոլել բովանդակությունը: «Ցեղասպանության մասին բազմաթիվ գրքեր են հրատարակվել տարբեր լեզուներով, բայց օտարների խոսքը համահավաք կերպով ներկայացվում է առաջին անգամ»,- ասաց նա: Շուրջ հարյուր տարի է, ինչ շարունակվում է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, սակայն այս գիրքը, ըստ հեղինակի, ժխտման ժխտումն է:

Ռուսերեն տարբերակի թարգմանիչ Ալբերտ Նալբանդյանը նշեց, որ ինքը մինչ թարգմանության դժվարին գործի ստանձնումը շատ է կարդացել թեմայի առնչությամբ գրքեր: «Սակայն երբ կարդացի այս գիրքը, հասկացա, որ իրականում ես շատ բան չգիտեմ Ցեղասպանության մասին»,- ասաց նա: Ալբերտ Նալբանդյանը շեշտեց այն հանգամանքը, որ այն ընթերցողը, ով կվերցնի եւ կկարդա գիրքը, կծանոթանա ամբողջ ճշմարտությանը:

Նախատեսվում է ժողովածուն աննշան փոփոխություններով լույս ընծայել թուրքերեն, անգլերեն, ֆրանսերեն: Թուրքերեն տարբերակի ստեղծման աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում:

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը հիշեցրեց, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը որքան լայն շրջանակներ է ձեռք բերում, թուրքական ժխտողականությունը նույնքան ագրեսիվ ու մարտնչող է դառնում: Նրա խոսքով` գիրքը համապատասխան հակահարվածը կլինի:

Գրքի հրատարակության պատասխանատու Արամ Կարապետյանն ասաց, որ ցանկացած ամենավեհ գաղափարը ոչինչ է, եթե չկա կոնկրետ գործ: «Իսկ այստեղ համախմբված աշխատանք կա, որը հավանության է արժանացել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից, ով էլ աջակցել է գրքի հրատարակմանը»,- ասաց նա` շեշտելով, որ գիրքը բախտավոր կլինի` գտնելով իր ընթերցողին:

Հարյուրամյա կոտորածների և Հայոց մեծ եղեռնի մասին վավերական խոսքն ուղղված է մեր ժամանակակիցներին` քաղաքական գործիչներին, դիվանագետներին, բոլոր նրանց, ովքեր ունեն հատվածական պատկերացում թուրքական ժողովրդասպանության էության, բնույթի եւ դրսեւորումների մասին:

Գիրքն ունի չորս բաժին` թուրքական կոտորածների բնութագիրը, 1894-1896, 1909-ի կոտորածները, Հայոց մեծ եղեռնը, ետեղեռնյան շրջան:

Բոլոր հեղինակները ներկայացվում են կենսագրությամբ, լուսանկարով, հայկական հարցի հետ ունեցած առնչություններով և համառոտ մատենագիտությամբ: Ժողովածուն ունի տեղեկատու ցանկեր եւ մատենագիտություն:

Դիտվել է 1613 անգամ:
Print Friendly

Leave a Reply