Էրդողանը հաստատել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների միջև կապը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 12, 2009 12:25

Թուրքական կառավարության ղեկավար Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել է, որ հույս ունի տեսնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Բուրսայում կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին`ընդգծելով, սակայն, որ դա «Հայաստանի նախագահի անձնական գործն է»:

Բարձր գնահատելով հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը`  Էրդողանը հույս է հայտնել, որ Ղարաբաղի  և մասնավորապես՝ «գրավյալ» տարածքների հարցը նույնպես կլուծվի: Նրա խոսքով` եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը նմանապես լուծվի,  թուրք հանրությունը կողմ կլինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որը կհեշտացնի խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացման գործընթացը:

«Երկու երկրների արտգործնախարարների ստորագրած արձանագրությունները կուղարկվեն Թուրքիայի խորհրդարան` վավերացման: Սակայն խորհրդարանը վավերացնելիս հատուկ ուշադրություն կդարձնի հայ-ադրբեջանական հարցի զարգացմանը»,- ասել է Էրդողանը:

«Ռեգնում» գործակալությունը գրում է, որ չնայած հայկական կողմը նշում էր, որ հայ-թուրքական հարաբերությունները Ղարաբաղի հարցի հետ որևէ կապ չունեն, Ցյուրիխում Արձանագրությունների ստորագրման գործընթացին ներկա էին Ղարաբաղի հարցի կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի 3 համանախագահ երկրների արտգործնախարարները: Թուրքական կողմն էլ բազմիցս ընդգծել էր, որ այս երկու գործընթացների միջև փաստացի կապ կա:

Արձանագրությունների ստորագրման օրը Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ Բաքուն հավատում է, որ  հայ-թուրքական սահմանը չի բացվի, մինչև չլուծվի սահմանի փակման պատճառ դարձած խնդիրը:

Ադրբեջանի «Ազեր Տաջ» պետական ինֆորմացիոն գործակալությունն ապատեղեկատվություն տարածելով՝ գրում է, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ընդունելով տարածաշրջանում առկա սահամանների անփոփոխության փաստը և Արձանագրությունների ներքո ստորագրելով՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների ներկայությամբ:

Աղբյուրը` ИА REGNUM

Դիտվել է 1302 անգամ:
Print Friendly

Leave a Reply