Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Լիբանանում

Պաշտոնական, Օրվա լուր | | April 23, 2012 15:23

Լիբանանում այս օրերին տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին:

Ապրիլի 22-ի երեկոյան Հայոց ցեղասպանության Լիբանանի երիտասարդական կենտրոնական մարմնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հսկումի երեկո» Բիքֆայայի Նահատակաց հուշարձանի առջև: Միջոցառմանն իրենց մասնակցություն են բերել Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավորնեը, Լիբանանում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը, հայ քաղաքական կուսակցությունների ղեկավարները, հայ հարանվանությունների հոգևոր առաջնորդները, հասարակական, հայրենակցական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները: Պաշտոնական ելույթներից հետո ցուցադրվել է ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին, ներկաների ուշադրությանն է ներկայացվել հարուստ գեղարվեստական ծրագիր երգչախմբերի և պարախմբերի կատարմամբ:

Լիբանանի օգնության խաչի (ԼՕԽ) շրջանային վարչության կազմակերպությամբ և Հայոց Ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի հովանավորությամբ տեղի է ունեցել այցելություն Այանթուրայի նախկին որբանոց, որտեղ 2010թ. կանգնեցվել է հուշակոթող-խաչքար` նվիրված 1915թ. Եղեռնից փրկված և որբանոցում մահացած հայ որբերի հիշատակին: Կատարվել է հոգեհանգստյան արարողություն:

«Հակոբ Տեր-Մելքոնյան» թատերասրահի վարչությունը կազմակերպել էր Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի ցուցադրություն:

Ապրիլի 20-ին ՀՅԴ ԼԵՄ-ի «Շահեն Մեղրյան» մասնաճյուղի քարոզչական հանձնախումբը Զալքայի Հայ կաթողիկե «Սուրբ Խաչ» եկեղեցու սրահում կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 97-ամյակի ոգեկոչման երեկո:

Նույն օրը Հայ կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված «Ճանաչումից հատուցում – հետևողական, կազմակերպված և հավաքական կամքով» աշակերտական ոգեկոչման երեկո: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի հուշակոթողի մանրակերտի բացումը:

Ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի նախաձեռնությամբ Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միությունը կազմակերպել էր երաժշտական երեկո: Ելույթ է ունեցել Աթենքի ակադեմիայի «Eleni Myconiou» մրցանակակիր, դաշնակահար Քրիսթին Թոքաթլյանը:

Ապրիլի 21-ի երեկոյան ՀԲԸՄ-ի Կրթական հանձնախմբի հովանավորությամբ ՀԲԸ Միության վարժարանների աշակերտները ներկայացրել են «Փյունիկի Սլացք» համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության ոգեկոչման 97-ամյակին:

Դիտվել է 740 անգամ:
Print Friendly

Leave a Reply