Դասական երաժշտության երեկո՝ նվիրված Հայոց մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 23, 2012 14:40

Վրաստանում ՀՀ դեսպանության և Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնի հովանավորությամբ և նախաձեռնությամբ, «Վրաստանի հայ համայնք», «Վրաստանի հայերի ազգային կոնգրես» եւ «Թբիլիսյան հայերի ասամբլեա» կազմակերպությունների աջակցությամբ Թբիլիսիում մեկնարկեց Հայոց մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը:

Ապրիլի 21-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի ունեցավ դասական երաժշտության երեկոն, որի ընթացքում կատարումներով հանդես եկավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնի Ներսես Շնորհալի երգչախումբը:

Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Երանյանի, Բախի, Շուբերտի, Պերգոլեզի, Կաչինինի դասական ստեղծագործությունները:

Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին էր նվիրված երիտասարդ երգահան Հովհաննես Համբարձումյանի «Պատարագի» պրեմիերան, որը կատարվեց Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան երաժշտանոցի ուսանողների նվագակցությամբ:

Երեկոյի ավարտին իր օրհնության ու գնահատանքի խոսքով հանդես եկավ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը: Անդրադառնալով Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա խորհրդին` Սրբազան հայրը նշեց, որ դա բոլորին համախմբելու եւ անմարդկային խոշտանգումներով զոհված ու առանց շիրիմի և տապանաքարի մնացած հայերի հիշատակին աղոթք բարձրացնելու օր է:

Դիտվել է 886 անգամ:
Print Friendly

Leave a Reply