Հայոց Մեծ Եղեռնի 97-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Չեխիայի Հանրապետությունում

Պաշտոնական, Օրվա լուր | | April 23, 2012 12:34

Ապրիլի 22-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը մասնակցեց Չեխիայի Հանրապետության Վիսոչինա երկրամասի մայրաքաղաք Յիհլավայում «Ուրարտու» հայ-չեխական ընկերության կազմակերպած «Նրանք էլ իրավունք ունեին, կարող էին և ուզում էին ապրել ու արարել» խորագրով միջոցառմանը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 97-ամյա տարելիցին:

Դեսպանը և «Ուրարտու» հայ-չեխական ընկերության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը ծաղկեպսակներ դրեցին քաղաքի կենտրոնական զբոսայգիներից մեկում տեղադրված տուֆակերտ խաչքարին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև «Սուրբ Հոգի» եկեղեցում, ուր ներկա էին հայ համայնքի, չեխ հասարակայնության, ազգային այլ փոքրամասնությունների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը կատարեց հոգեհանգստի ծեսը, ելույթներ ունեցան դեսպան Սեյրանյանը և պարոն Սարգսյանը:

Միջոցառումը շարունակվեց եկեղեցու և խաչքարի շուրջ տեղադրված ֆոտոցուցահանդեսի դիտումով:

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ «Ուրարտու» հայ-չեխական ընկերության՝ Հայոց ցեղասպանության 97-ամյա տարելիցին նվիրված ֆիլմի ցուցադրումը:

Դիտվել է 819 անգամ:
Print Friendly

Leave a Reply