Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը հետաձգվել է, քանի որ Թուրքիայի հայտարարության մեջ անըդնունելի երկու կետեր են եղել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 11, 2009 14:47

nalbandyanՀայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը երեկ Ցյուրիխում երեք ժամով հետաձգվել է, քանի որ արձանագրության վավերացումից հետո Թուրքիայի արտգործնախարար Դավիթօղլուի նախապատրաստված հայտարարության մեջ  Հայաստանի համար անընդունելի երկու կետեր են եղել. այս մասին հաղորդեց «Անկախ»-ի աղբյուրը Ցյուրիխից:

Անընդունելի առաջին կետը եղել է Թուրքիայի մեկնաբանությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, իսկ երկրորդ կետը՝ Թուրքիայի դիրքորոշումը տարածաշրջանային կայունության վերաբերյալ, որն անուղղակի կերպով առնչվել է Ղարաբաղի խնդրին: Էդվարդ Նալբանդյանը հրաժարվել է ստորագրել արձանագրությունները:

Միջնորդ երկրներն աջակցություն են հայտնել Հայաստանի դիրքորոշմանը:

Արձանագրությունների ստորագրումը հնարավոր եղավ այն բանից հետո, երբ միջնորդ պետությունների ճնշմամբ Թուրքիան հրաժարվեց իր հայտարարությունից: Արդյունքում՝ հայտարարություններ չեղան:

Երևանի ժամանակով ժամը 23:16-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները ստորագրեցին հայ-թուրքական արձանագրությունները:

Արձանագրություների ստորագրմանը հաջորդած ճաշկերույթին նույնպես չեն եղել հայտարարություններ և ողջույնի խոսքեր՝ կապված հակասությունների հետ:

Փաստաթղթերի ստորագրման արարողությանը ներկա էին Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Միշլին Կալմի-Ռեյը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ու Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները, Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Սամուել Ժբոգարը, Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Շվեյցարիայի արտգործնախարար Միշլին Կալմի-Ռեյը նշել է, որ համաձայնությանը հնարավոր եղավ հասնել երկու երկրների արտգործնախարարների ջանքերի շնորհիվ՝ հատուկ շնորհակալություն հայտնելով Էդվարդ Նալբանդյանին, Ահմեդ Դավութօղլուին, ինչպես նաեւ Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանին «այն կարեւոր դերի համար, որ նրանք խաղացին` այս նվաճմանը հասնելու համար»: «Ձեր քաղաքական խիզախությունը, ջանքերը եւ ապագայի տեսլականը հնարավոր դարձրեցին այս ամենը»,- ասել է նա:

Դիտվել է 1946 անգամ:
Print Friendly

Leave a Reply