Հրաժեշտ տվեցին օլիգարխին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 22, 2012 17:21

Մաշտոցի պուրակում բնապահպան ակտիվիստներն այսօր կազմակերպել էին օլիգարխիայի Օլիկ Գարխյանի (հորինված անուն) թաղման արարողությունը։ Թաղման արարողությունը գրեթե ոչ մի բանով չէր զիջում իրականին. կար դիակ՝ օլիգարխի խրտվիլակը՝ իր դագաղով, մոմեր, մեխակներ և հսկայական սգո թափոր, և բնականաբար, լացուկոծ։ «Թեև սա բեմադրություն է, բայց հստակ մեսիջ է, որն ուղղված է և՛ հասարակությանը, և՛ օլիգարխներին»,- ասում է սգո արարողության կազմակերպիչներից Գևորգ Սաֆարյանը։

«Այլևս երբեք նա չի կարողանա չվճարված հարկերով բարեգործություն անել, այլևս երբեք նա չի կարողանա շքեղ բուտիկներ կառուցել հանրային այգիներում, այլևս երբեք նա չի տեսնի իր անպատժելիություն».-ըստ նրա՝ սա այն ամենն է, ինչ երազում է տեսնել ՀՀ շարքային քաղաքացին, և հենց այս խոսքերով էին հրաժեշտ տալիս հանգուցյալին Մաշտոցի պուրակում։
Եղիան, ով բնապահպանական շարժման կազմակեչպիչներից և ակտիվիստներից մեկն է, հավատացած է, որ նախընտրական քարոզարշավի այս ժամանակաշրջանում կգտնվեն այնպիսի քաղաքական ուժեր, որոնք կփորձեն քաղաքականացնել այս շարժումը։ «Բայց մենք վստահ ենք մեր դիրքորոշման մեջ. Մաշտոցի այգում բուտիկներ երբեք չեն տեղադրվի»,- ասաց Եղիան։ Բնապահպանները չեն անձնավորում օլիգարխին. այն հավաքական կերպար է, որից փորձում են ազատվել քաղաքացիները։

Հանգուցյալին պտտեցին մայրաքաղաքի կենտրոնով։ Սգավորները եղան Հյուսիսային պողոտայում, որտեղ գտնվում է նրա շքեղ բնակարանը։ Օլիկ Գարխյանը՝ նույն ինքը՝ օլիգարխիան, իր վերջին հանգրվանը գտավ հանրային այգում։

Դիտվել է 969 անգամ:
Print Friendly

Leave a Reply