Վենետիկի քաղաքապետը տպավորվել է մինչ օրս գործող Մենուայի ջրանցքի մասին պատմությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 21, 2012 17:58

Այսօր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան է այցելել Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնին` տիկնոջ և միջազգային կապերի գծով խորհրդական Անտոնիո Արմենլլինիի հետ:

Արգելոց-թանգարանի մամուլի ծառայության փոխանցմամբ, հյուրերը ծանոթացել են թանգարանի մշտական ցուցադրությանը, դիտել են ներքին բակում օրեր առաջ բացված «Համաշխարհային ժառանգության հնագիտական վայրերը» ցուցահանդեսը, ինչպես նաև շրջել են Էրեբունի ամրոցի միջնաբերդում:

Քաղաքապետը հետաքրքրությամբ է լսել Ուրարտուի պատմության և մշակույթի մասին բացատրությունը և առանձնապես տպավորվել է մինչ օրս գործող Մենուայի ջրանցքի մասին պատմությամբ և գլխավոր ցուցասրահում արված Խալդի բարձրաքանդակով: Նա նաև բարձր է գնահատել թանգարանի անդրադարձը Համաշխարհային ժառանգության հնագիտական վայրերին և հպարտությամբ նշել է, որ այդ վայրերից շատերում ինքն անձամբ է եղել:

Ըստ աղբյուրի, արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի հետ զրույցում քաղաքապետ Օրսոնին նշել է, որ ժառանգության պահպանության խնդիրները մշտապես առկա են բոլոր քաղաքներում, իսկ 1987 թվականից Համաշխարհային ժառանգության քաղաք համարվող Վենետիկի դեպքում, երբ այդ ժառանգությունը տարածվում է 100-ից ավելի փոքր կղզիների վրա, պահպանությունը նաև մշտական մտահոգության առարկա է:

Ընդգծելով, որ հայկական ներկայությունը Վենետիկում ակնհայտ է, քաղաքապետը նաև խոստովանել է, որ երիտասարդության տարիներին հայ ընկերներ է ունեցել Մուրատ-Ռափայելյան վարժարանից: Քաղաքապետի հետ բարեկամական զրույցի ընթացքում Գագիկ Գյուրջյանն իր հերթին նշել է, որ Վենետիկը մշտապես ոգեշնչման աղբյուր է հանդիսացել մշակույթի հայ գործիչների, մասնավորապես, 20-րդ դարի մեծանուն բանաստեղծներ Ե. Չարենցի և Ավ. Իսահակյանի համար, ով իր բանաստեղծություններից մեկում հիշատակում է Ռիալտոյի հանրահայտ կամրջի անունը:

Աղբյուր` Panorama.am

Դիտվել է 999 անգամ:
Print Friendly

Leave a Reply