Հանքերը միանգամից արտահանենք

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | April 21, 2012 13:53

Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է մարտ ամսվա սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ: Ըստ այդմ` տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) մարտին 2011թ. մարտի համեմատ կազմել է 106,6%: Արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա մարտի համեմատ աճել է 12,6%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը գրեթե անփոփոխ է (աճը` 0,1%), իսկ ահա շինարարության ծավալը նվազել է 10,5%-ով:

Ծառայությունների ծավալն (առանց առեւտրի) աճել է 12,6%-ով, ինչպես նաեւ 16,1%-ով աճել է նաեւ էլեկտրաէներգիայի արտադրությունը: Այսպիսով, տնտեսության աճն ապահովել են հանքարդյունաբերությունն ու էլեկտրաէներգիայի արտադրությունը, մնացած մասով, եթե ոչ նահանջ` ինչպես շինարարության ոլորտում, ապա զարգացում հաստատապես չկա:

Մինչդեռ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն աճել է` կազմելով 108,6%: Դառնալով սպառողական գների ինդեքսին, պետք է նշել, որ այն, ի տարբերություն հունվար եւ փետրվար ամիսների (հունվարը հունվարի նկատմամբ` 4,8%, փետրվարը փետրվարի նկատմամբ` 3% աճ), մարտին նախորդ մարտի նկատմամբ ավելի քիչ է աճել` 2,2%-ով: 2011թ. մարտի նկատմամբ միջին անվանական ամսական աշխատավարձի 4,1% աճի պայմաններում ընդամենը 0,1%-ով աճել է առեւտրի շրջանառությունը, քանզի ՍԳԻ-ի մեջ հաշվվող սպառողական ապրանքների եւ ծառայությունների գների 2,2%-ով աճը զսպել է առեւտրաշրջանառության հնարավոր աշխուժացումը:

Հակառակ դեպքում աշխատավարձերի բարձրացումով պայմանավորված` առեւտրաշրջանառության աճը պետք է որ բավական նկատելի լիներ: Ինչ վերաբերում է արտաքին առեւտրաշրջանառությանը, ապա նրա ծավալներն աճել են նկատելիորեն` պայմանավորված արտահանման ծավալների էական աճով: Մարտին 2011թ. մարտի նկատմամբ արտահանումն աճել է 66,5%-ով, իսկ ներմուծումն ընդամենը` 7,1%-ով` արդյունքում ապահովելով առեւտրաշրջանառության 20,4%-ով աճ:

ԱՎԾ-ն նախնական տվյալներով ամփոփել է նաեւ առաջին եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները: Այսպիսով, տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվարից մարտ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 106,1%: Նշյալ ժամանակահատվածում տնտեսության 6,1%-ով աճն ապահովվել է գերազանցապես արդյունաբերական արտադրանքի ծավալների աճի հաշվին, որը կազմել է 16,4%: Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն անփոփոխ է, իսկ շինարարության ծավալներն «ապահովել» են 5,5%-ով անկում: Արդյունաբերական արտադրանքի ծավալների աճն իր հերթին պայմանավորված է հանքահումքային արդյունաբերության ծավալների աճով, որը նշյալ ժամանակահատվածում ապահովել է արտահանման 32,5%-ով աճ:

Եռամսյակային կտրվածքով էլեկտրաէներգիայի արտադրությունը 2011թ. հունվար-մարտի համեմատ աճել է 20,9%-ով, ծառայությունների ծավալը` 11,5%-ով, առեւտրի շրջանառության ծավալները` 0,3%-ով: Այս նույն ժամանակահատվածում սպառողական գների ինդեքսը կազմել է 103,3%` միջին անվանական աշխատավարձերի 5 % աճի պայմաններում, այսինքն` գնաճը դարձյալ լվացել է աշխատավարձերի աճը:

Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ

yerkir.am

Դիտվել է 949 անգամ:
Print Friendly

Leave a Reply