Սուրեն Զոլյանն իր հայցադիմումի մերժումը նվեր է համարում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 21, 2012 11:53

Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը Վարչական դատարանի կողմից իր հայցադիմումը մերժելը նվեր է համարում: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Սուրեն Զոլյանը:

«Սա նախեւառաջ վարչապետին այլեւս հնարավորություն չի տա չպատասխանել նամակին. թե գործը դատական վարույթում է ու ինքը չի ցանկանում միջամտել դրան»,- ասաց նախկին ռեկտորը` չցանկանալով բացահայտել «նվերի» մյուս կողմերը:

Նրա խոսքով` իրենք չեն հետեւելու Վարչական դատարանի խորհրդին եւ չեն դիմելու Ընդհանուր իրավասության դատարան, այլ բողոքարկելու են Վերաքննիչ դատարան:

Նրանք դեռ չեն ստացել Վարչական դատարանի որոշումը, այդ մասին տեղեկացել են մամուլից, չեն ստացել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված նամակի պատասխանը: «Ասել են, որ այն պետք է լինի քաղաքացի Սուրեն Զոլյանի անունից, այլ ոչ թե բլանկի վրա, երեկ մեր ուսանողները տարան եւ հանձնեցին այդ նամակը, ես մինչեւ օրվա վերջ աշխատատեղում էի, պատասխան չեմ ստացել»,- ասաց նա:

Նշենք, որ վարչական դատարանը նախօրեին մերժել է Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցադիմումն ընդունել դատարանի վարույթ: «…Նկատի ունենալով, որ «Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի կողմից իրեն վերապահված գործառույթների իրականացումը ո՛չ պետական, ո՛չ համայնքային ծառայություն չեն հանդիսանում՝ դատարանը գտնում է, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 06.04.2012թ. ««Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին» թիվ 160-Ա հրամանը վերացնելու պահանջը ենթակա չէ վարչական դատարանում քննության։ Այն ընդդատյա է ընդհանուր իրավասության դատարանին, քանի որ բխում է մասնավոր աշխատանքային հարաբերություններից»,- նշվում էր դատարանաի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Աշոտյանի եւ Զոլյանի միջեւ հակամարտությունը ծագել է այն բանից հետո, երբ ռեկտորը մեկնել էր Հայաստանից` մասնակցելու տարածաշրջանային լեզուների Եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի լիագումար նիստին: ԿԳ նախարարն այդ այցելությունն աննպատակահարմար է համարել եւ արգելել նրանք բացակայել Հայաստանից մարտի 19-23-ին: Դրանից հետո Արմեն Աշոտյանը Սուրեն Զոլյանին երկու նկատողություն էր արել, այնուհետեւ` ազատել պաշտոնից: Իսկ Սուրեն Զոլյանը իր հայցադիմումով պահանջում էր, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի թիվ 160-Ա հրամանի պահանջը` իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին վերացվի:

Զոլյանին ռեկտորի պաշտոնից ազատելու որոշումը բողոքի բուռն ալիք է բարձրացրել հասարակության եւ ուսանողների շրջանու, նրանք հայտարարել էին դասադուլ անելու իրենց մտադրության մասին, այնուհետեւ պահանջել էին հանդիպում ԿԳ նախարարի հետ:

Ներկայումս ԵՊԼՀ ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել համալսարանի պրոռեկտոր Գաբրիել Բալայանը:

Դիտվել է 1083 անգամ:
Print Friendly

Leave a Reply