ԱՄՆ-ում ռասիզմի թանգարան է բացվել

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 21, 2012 9:18

ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Ferris State համալսարանում բացվել է Racist Memorablia թանգարանը,որտեղ ներկայացված են ռասիզմի վառ օրինակ հանդիսացող 9 հազար «արվեստի» նմուշներ, գրում է Daily Mail-ը:

Ներկայացված նմուշներում սևամորթ տղամարդիկ բնութագրվում են որպես ալարկոտ, դաժան, անհասկանալի էակներ, իսկ կանայք` «տռփանքներին տրվող անբարոյականներ»:

Թանգարանի նմուշներն այնքան սերտ են կապված ռասիզմի հետ, որ այցելուների մեծ մասի մոտ զզվանք են առաջացնում:

Այցելուներից մեկը նշել է.«Սիրտս պարզապես ցավում է, երբ դիտում եմ այս նմուշները: Ինչպե՞ս կարող է մարդը մարդու նկատմամբ այսքան դաժան լինել»:

«Այս նմուշները փաստում են, թե ինչպես ռասիստական գաղափարներն իշխող դիրք են ունեցել ամերիկյան մշակույթում տասնամյակներ շարունակ», – գրում է բրիտանական պարբերականը:

Թանգարանի հիմնադիր Դեվիդ Փիլգրիմը նշել է, որ իրենց նպատակը այդ նմուշների պահպանումը չէ: Նրանք ցանկանում են, որ մարդիկ սկսեն ավելի լուրջ վերաբերվել ռասիզմի վերաբերյալ խնդիրներին:

Փիլգրիմի նախաձեռնությամբ թանգարանում ստեղծվել է «երկխոսության սենյակ», որտեղ այցելուները պետք է կիսվեն իրենց տպավորություններով, ինչպես նաև այն գաղափարներով, որոնք կարող են նպաստել հասարակական արդարության և հանդուրժողականության մթնոլորտի հաստատմանը:
Ուշագրավ է նաև այն փաստը, որ ցուցադրված նմուշների շարքում կան երկրի ներկայիս նախագահ Բարակ Օբամային վերաբերողները: Օրինակ ներկայացված վերնաշապիկներից մեկի վրա գրված է. «2012-ին(նկատի ունենալով նախագահի պաշտոնը) ցանկացած մեկը, միայն թե սպիտակամորթ»: Մեկ այլ շապիկի վրա էլ Օբաման պատկերված է բանան ուտող կապիկի հետ: Իսկ համակարգչային մկնիկի համար նախատեսված տակդիրի վրա պատկերված են Կու Կլուքս Կլանի անդամները` «Հեռացի՜ր Օբամա, հեռացի՜ր» պաստառով:

Դիտվել է 864 անգամ:
Print Friendly

Leave a Reply