Սուրեն Զոլյան. Եկեք այս պահին հավատանք Աշոտյանին, որ ԵՊԼՀ-ի շենքը չեն վաճառելու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 21, 2012 9:16
ԵՊԼՀ-ի շենքի վաճառքի ծրագիր չկա, այդ մասին ասում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, սպասենք, որ վարչապետն էլ դա հաստատի: Այդ մասին այսօր` ապրիլի 20-ին, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի՝ արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն ասաց բուհի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Ի դեպ, Զոլյանին ուսանողները դիմավորեցին բուռն ծափողջյուններով:
Ուսանողների այն հարցին, թե ճի՞շտ է, որ մտադրություն կա լուծարել ԵՊԼՀ–ն, ինչի մասին գրում է մամուլը, Զոլյանն ասաց. «ԿԳ նախարարն ասում է, որ այդպիսի ծրագիր չկա։ Եկեք այս պահին, գոնե, հավատանք նրան, բայց սպասենք, որ վարչապետն էլ դա հաստատի»:
Այն հարցին, թե երբ կսկսվի դատական գործընթացը` Զոլյանը պատասխանեց, որ ինքը ևս անտեղյակ է: Միաժամանակ նա նշեց, որ փորձ է արվում այս ամենը քաղաքականացնել, ինչին ուսանողներն արձագանքեցին` «սո՛ւտ է»:
«Այդ հարցը դուք պետք է լուծեք, որպեսզի որոշ ուժեր չշահարկեն: Կրթությունը քաղաքականությունից դուրս է և ես խնդրում եմ, այս ամենը լինի բուհի ներսում, մենք բոլորս բրյուսովական ենք և ոչ կուսակցական: Ցանկանում են ինչ-որ պիտակներ կպցնել: Եթե ուզում են պաշտպանել կամ քննադատել, թող գնան գտնեն համապատասխան մարդկանց, մենք ի վիճակի ենք մեզ պաշտպանել և ուրիշի պաշտպանությանը այս պահին չենք դիմելու»,- ասաց Զոլյանը` հորդորելով ուսանողներին ուշադրություն չդարձնել և բուհում մնալ որպես «բրյուսովցի»:
Նա նաև զգուշացրեց՝ ուսանողները չպետք է թույլ տան, որպեզի բուհ ներխուժեն «ուժային պաշտպանները»:
Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի ազատման հետևում կանգնած է վարչապետ Տիգրան Սարգսյանը, և հենց նա էլ բորբոքում է Աշոտյան-Զոլյան հակամարտությունը: Բացի այդ, թեև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հերքել է, որ լեզվաբանական համալսարանը միանալու է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանին, սակայն այդ գործարքի մասին նոր բացահայտումներ կան: Համալսարանի շենքի գնման նախնական պայմանավորվածություն կա սփյուռքահայ մի գործարարի հետ, որը ցանկանում է այդ շենքում հյուրանոց բացել:






Facebook
Tweet This
Email This Post
