Ուսումնական ձեռնարկների շնորհանդես է տեղի ունեցել

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 20, 2012 17:12

ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնն (ՄԿՈՒԶԱԿ) այսօր կազմակերպել էր ուսումնական ձեռնարկների շնորհանդես, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի և Էկոնոմիկայի նախարարությունների, սոցիալական գործընկերների, ՄԿՈՒ ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների, ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ուսումնական ձեռնարկների հեղինակները: Ողջունելով շնորհանդեսի մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը կարևորել է ուսումնական ձեռնարկների անհրաժեշտությունը` դասագրքերի ստեղծման գործընթացի համատեքստում: Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Տ. Գասպարյանը բացման խոսքում նշել է, որ շնորհանդեսի միջոցով փորձ է արվում ի մի բերել սոցիալական գործընկերների աջակցությամբ իրականացված մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի բարեփոխման գործընթացները: Նա, մասնավորապես, նշել է, որ ուսումնական ձեռնարկները մշակվել են պետական կրթական չափորոշիչներին և մոդուլային ուսումնական պլաններին համապատասխան՝ շեշտը դնելով կարողություններին միտված կրթության վրա:
Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը մշակել և հրատարակել է 29 անուն ուսումնական ձեռնարկ և ուղեցույց: Եվս 19 ձեռնարկ մշակվել և հրատարակվել է ՄԱԿ-ի ՄԱԶԾ ՄԿՈՒ ծրագրի միջոցներով: Հեղինակային խմբերը ձևավորվել են սոցիալական գործընկերության սկզբունքով:
Շնորհանդեսի ընթացքում ուսումնական ձեռնարկների հեղինակները ոլորտի շահառուներին են ներկայացրել ձեռնարկների առանձնահատկությունները և աշխատանքի կատարման հիմնական սկզբունքները:
Եվրամիության կողմից Հայաստանին տրվող բյուջետային աջակցության ծրագրերի շրջանակում 2007թ. իրականացվում են մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի բարեփոխման գործընթացները, որոնք հիմնականում ընդգրկել են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների չափորոշիչների և մոդուլային ուսումնական պլանների մշակման ու ներդրման, ուսումնական հաստատությունների անձնակազմի վերապատրաստումների, ուսումնամեթոդական նյութերի արդիականացման, նյութատեխնիկական բազայի հարստացման և վերազինման, ինչպես նաև ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավման աշխատանքները:

Դիտվել է 951 անգամ:
Print Friendly

Leave a Reply