Էրեբունի-Երևան 2791. Հանրապետության հրապարակում 2.791 զարկով հրավառություն կլինի

Օրվա լուր | | October 10, 2009 18:30


Մայրաքաղաքի օրվան նվիրված միջոցառումները կմեկնարկեն վաղն առավոտյան` 8.30-ին: Երևանի ճանապարհային ոստիկանության փոխանցմամբ` քաղաքի 16 փողոցներ տրանսպորտային միջոցների համար փակ են լինելու, և այդ հատվածներում հետիոտների նկատմամբ հսկողություն չի լինելու: Երթևեկելի չեն լինի Մաշտոցի պողոտան, ՍայաթՆովայից մինչև Տիգրան Մեծի պողոտան ընկած հատվածը, Խանջյան խաչմերուկից դեպի Թումանյան մասը, Մոսկվայի հրապարակն ամբողջությամբ ու մի քանի այլ փողոցներ:

Վաղն ամբողջ օրվա ընթացքում բաց կլինեն տեղեկատվական օժանդակության կետերը, որտեղից քաղաքացիներն ու հյուրերը տեղեկություններ կստանան միջոցառումների վայրի ու ժամանակի մասին:

Առավոտյան «Էրեբունի» բերդաքաղաքի մոտ կցուցադրվի քաղաքի հիմնադրման մասին պատմող թատերախաղ, որից հետո կսկվի երթը դեպի Հանրապետության հրապարակ:

Տոնական շքերթից հետո Մաշտոցի պողոտայում կանցկացվեն վազքի, իսկ Կարապի լճում` վինդսերֆինգի մրցույթներ, ինչպես նաև ազգային կոխի ցուցադրական մրցույթ: Կկազմակերպվի նաև հեծանվավազքի մրցույթ:

Հյուսիսային պողոտան կվերածվի «Վարպետաց քաղաքի». բաց երկնքի տակ վարպետները կավից քանդակներ կպատրաստեն: Տոնական պաստառներով զարդարված փողոցում կխաղարկվեն դրվագներ հին Երևանի կյանքից: Մեկ օրով կվերականգնվի հին Երևանի կյանքն ու արևելյան շուկան:

Փոքրիկ երևանցիների համար միջոցառումներ կկազմակերպվեն Մանկական զբոսայգում, իսկ Մաշտոցի պողոտայում ելույթ կունենան պարի խմբերը:

Երևանի մետրոպոլիտենը վաղն աշխատելու է մինչև գիշերը՝ժամը 2:00-ը: Իսկ Երևանի մետրոպոլիտենի հարակից հատվածներում աշխատելու է լրացուցիչ տրանսպորտ, որն ուշ ժամերին բնակչությանը կփոխադրի:

Միաժամանակ երաժշտական հրավառություն է լինելու Երևանի մոտ 20 վայրերում: Հանրապետության հրապարակում հրավառությունը կազմված է լինելու 2.791 զարկից:

Ամբողջ տոնակատարությունը ֆինանսավորել են «Վիվասել» եւ «Արմենտել» ընկերությունները:

Դիտվել է 2554 անգամ:
Print Friendly

Leave a Reply