Սարդարապատի թանգարանի խնդիրները` ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովի նիստի օրակարգում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 20, 2012 16:24

Այսօր` ապրիլի 20-ին, Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում քննարկվեցին Հայաստանի ազգագրության  թանգարանին (Սարդարապատ) վերաբերող մի շարք հարցեր` մասնավորապես թանգարանի որակյալ մասնագիտական կազմի, ղեկավար կազմի կամ գիտական կառավարման մեխանիզմների, գիտական խորհրդի գործունեության, ինչպես նաև թանգարանի կարգավիճակի և պատկանելության վերաբերյալ:

Թանգարանի ոչ  նյութական  մշակութային  ժառանգության ուսումնասիրման  բաժնի վարիչ Սուսաննա Մելիքյանը որոշ ժամանակ առաջ այդ խնդիրները բարձրաձայնելու նպատակով դիմել էր Հանրային խորհրդին, սակայն մինչ հարցը կընդգրկվեր ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովի օրակարգ, թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը դադարեցրել էր գիտաշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը: Չնայած դրան` քննարկումը կայացավ, և Սուսաննա Մելիքյանը ներկայացրեց թանգարանի հետ պապված մտահոգությունները:

Ըստ Մելիքյանի, թանգարանը կայացման խնդիր ունի առնվազն 3 հարթության մեջ.   «Նախ իբրև ցուցասրահ-թանգարան` կապված ցուցադրության մեջ ցուցանմուշների պահպանության հետ, որոնք ուղղակիորեն հակասության մեջ են բնական լուսավորությամբ ու եղանակային կտրուկ փոփոխություններով բնութագրվող միջավայրի հետ, իբրև հավաքածուների պահոց-թանգարան` կապված  պահպանության տեխնիկական պայմանների, զետեղարանների անբավարարության, դաշտային կրծողների, օձ ու կարիճների` սեզոնին պատճառած վնասների, որակյալ վերականգնողների ու մասնագետ ֆոնդապահների բացակայության հետ և իբրև ազգային մշակույթի ուսումնասիրության ու հանրահռչակման գիտական-կրթական օջախ, ազգային մշակութային արժեքների վերարտադրության փորձգիտական լաբորատորիա` կապված ոչ միայն որակյալ, այլ ընդհանրապես գիտական կազմի և հատկապես պրոֆիլային մասնագետների բացակայության հետ»,-թվարկեց նա:

Թանգարանի նախկին գիտաշխատողըի կարծիքով, խնդիրներից մեկն էլ գիտական հաստիքների պարբերաբար վերաձևումները կամ ոչ մասնագետներով այդ հաստիքները զբաղեցնելն է. «111 հաստիքից 25-ը մասնագիտական հաստիքներ են, 75-ը` ոչ մասնագիտական: Ընդ որում 25 մասնագիտական հաստիքի 20 տոկոսն է (5 հոգի) գիտական գործառույթ իրականացնում թանգարանային աշխատանքի 4-5 ուղղություններում և պրոֆիլային մասնագետ են»,-ասաց նա:

Քննարկման ընթացքում հնչեցին կարծիքներ, որ առավել նպատակահարմար է Սարդարապատի թանգարանը Մշակույթի նախաարարության կազմում ներառելը, կարգավիճակն էլ` թանգարան-ինստիտուտ դարձնելը:

ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովի անդամ Անահիտ Հարությունյանի կարծիքով, բոլոր պետական գերատեսչությունները  պետք է նախ և առաջ ունենան գիտահետազոտական ինստիտուտներ, և մշակույթին վերաբերող որոշումները կայացվեն գիտական հետազոտությունների հիման վրա` կոլեգիալ կարգով:

Առաջարկվեց թանգարանի ճակատագրի վերաբերյալ մտահոգությունները քննարկել նաև Հանրային խորհրդի նիստում, ապա կազմակերպել ենթահանձնաժողովի նիստ հենց թանգարանում` բոլոր շահագրգիռ կողմերի ներկայությամբ:

Դիտվել է 1101 անգամ:
Print Friendly

Leave a Reply