Հայաստանը «աղբանոց». 860 բնակավայրերում աղբահանություն չի լինում
Օրվա լուր | ankakh | June 12, 2009 14:33
Երևանում մեկ օրվա ընթացքում արտադրվում է 450-500 տոննա աղբ: Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության տվյալներով` այդ աղբի միայն 70 տոկոսն է տեղափոխվում է քաղաքային աղբանոց, իսկ մնացածը` անհայտ ուղղությամբ: Բնապահպան Կարինե Դանիելյանը տեղեկացնում է, որ Հայաստանի 860 բնակավայրերում ընդհանրապես չի իրականացվում աղբահանություն։
Հայաստանում դեռ չկա աղբը վերամշակելու մեխանիզմ:
Բնապահպանության նախարարությունը հաստատել է մի նախագիծ, որով Նուբարաշենի աղբը կվերամշակվի էլեկտրաէներգիայի։ Նախագիծը կոչվում է «Նուբարաշենի կոշտ կենցաղային թափոնների աղբավայրից կենսագազի ստացում ու էլեկտրաԷներգիայի արտադրության մաքուր զարգացման մեխանիզմ»:
10 միլիոն դոլարանոց նախագիծը ֆինանսավորելու է Ճապոնիայի կառավարությունը Շիմիզու կորպորացիայի և «Հոկայդո էլեկտրիկ» ընկերության միջոցով ։ Ձեռնարկության շահագործման արդյունքում 75.000 տոննա ջերմոցային գազերից կարտադրվի 10-12 մլն կՎտ/ժ էլէկտրաէներգիա:
ԵՊՀ Իրավագիտության Ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Աիդա Իսկոյանն ասում է, որ աղբավայրերի թափոնները թունավորում են ոչ միայն մթնոլորտը, այլև աղտոտում են ստորգետնյա ջրերը և ստեղծում ընդհանուր հակասանիտարական վիճակ` ազդելով այդ շրջանում ապրող մարդկանց վրա:
Նուբարաշենի աղբանոցում 1950-ականներից սկսած կուտակվել է մոտ 7,5 մլն տոննա աղբ: Բնապահպանության նախարարության հաշվետվության տվյալներով՝ 2007 թվին 2006-ի համեմատ թափոնները աճել է 7,5 տոկոսով: 2008 թ. տվյալները դեռևս ամփոփված չեն:
Գայանե Գալստյան






Facebook
Tweet This
Email This Post
