Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Կոմիտասի անվան սրահում տեղի կունենա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինության մամուլի ասուլիսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 20, 2012 15:44

Հարգելի գործընկերներ,

 

Ս. թ. ապրիլի 23-ին ժամը 12:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Կոմիտասի անվան սրահում տեղի կունենա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինության մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվելու է անցած մեկ տարվա ընթացքում ՀՑԹԻ գործունեության հիմնական ուղղություններն ու արդյունքները: Ասուլիսին ներկա են լինելու Ջեֆրի Ռոբերտսոնը, ով 2010թ. հրապարակեց «Արդյոք եղե՞լ է հայկական ցեղասպանություն» զեկույցը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանությանն առնչվող պատմական փաստերին ու քաղաքական շահարկումներին: Ասուլիսին ներկա է լինելու նաև նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնի թոռը՝ Յուսսի Բյորնը, ով տեղեկություններ կհաղորդի բոլորովին վերջերս պատահաբար հայտնաբերած Բոդիլ Բյորնի կորած համարվող և 1915թ. Մուշում տեղի ունեցած կոտորածները նկարագրող ձեռագիր հուշագրության մասին:

Ասուլիսի ժամանակ կներկայացվեն 2006-2011թթ. ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեության հիմնական արդյունքներն ու Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումների ընդհանուր ռազմավարությունները:

  • 2012թ. մայիս ամսին ՀՑԹԻ կազմակերպելու է հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ԱՄՆ Կարմիր Խաչի հիմնադիր և հայասեր Կլարա Բարտոնի հիշատակին: Միջոցառման ընթացքում ներկայացվելու է Կլարա Բարտոնի պաշտոնական զեկույցը` համիդյան ջարդերից տուժած հայերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու մասին: Զեկույցի հայերեն թարգմանությունն ու տպագրությունն իրականացվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:
  • Սեպտեմբեր ամսին ՀՑԹԻ կազմակերպելու է միջազգային գիտաժողով և ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Զմյուռնիայի աղետի 90-րդ տարելիցին:
  • 2012թ. ընթացքում ՀՑԹԻ հրատարակելու է շուրջ 25 անուն գիրք՝ նվիրված Հայոց ցեղասպանության մինչ օրս չուսումնասիրված դրվագներին` հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն լեզուներով:
  • 2012թ. լույս են տեսնելու անգլիալեզու «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսի» առաջին երկու համարները: Հանդեսի միջոցով միջազգային գիտական շրջանակներին ՀՑԹԻ ներկայացնելու է իր գործունեության արդյունքները:
  • ՀՑԹԻ աշխատանքներ է սկսել Հայոց ցեղասպանության հանրագիտարանի, Հայոց ցեղասպանության ատլասի և Հայոց ցեղասպանության պատկերազարդ պատմության հատորի պատրաստման  ուղղությամբ:
  • 2012թ. ընթացքում ՀՑԹԻ արտագնա շրջիկ ցուցադրություններ է կազմակերպելու Լիբանանում, Դանիայում, Շվեդիայում և ԱՄՆ-ում:
  • 2012թ. սկսվելու է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր մասնաշենքի կառուցման և հին մասնաշենքի հիմնավերանորոգման աշխատանքները:

Ասուլիսի վերջում լրագրողներին կտրամադրվեն 2006-2011թթ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեության հաշվետվությունն ամփոփող տեղեկագրեր, որից հետո, 12:30-ին տեղի կունենա «Գիրքը որպես ցեղասպանության վկա» ժամանակավոր ցուցադրության բացումը: Ցուցադրությունը կազմակերպվել է հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը Համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ: Ցուցադրության մեջ ներառնված են շուրջ 300 միավոր հնատիպ սկզբնաղբյուրային  գրականություն, որոնք ձեռք են բերվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ջևան Չելոյանցի (Մոսկվա), ՎիվաՍել- ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և Տիգրան Քալայջյանի (Կիպրոս) աջակցությամբ:

Ցուցադրության մեջ ներառված գրականությունը բաշխված է տարբեր խորագրերի ներքո: Ներկայացված են ճանապարհորդական նոթեր, դասագրքեր, արևմտահայոց հասարակական, մշակութային, գործարար կյանքին վերաբերող հրատարակություններ: Առանձին սեղաններով տրված են համիդյան ու Ադանայի կոտորածներին ու դրանց հաջորդած հայասիրական բնույթի հրատարակությունները, առանձին երկրներում` Ռուսաստանում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, սկանդինավյան և այլուր լույս տեսած եզակի հրատարակությունները, որոնք ամբողջության մեջ մարդկության ու քաղաքակրթության դեմ թուրքական քաղաքական վարչակարգերի կողմից իրագործած հանցագործությունների լուրջ ու անհերքելի վկայություն են:

Ցուցադրության մեջ ներառնված որոշ գրքեր առկա են միայն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուի մեջ:

Հայոց ցեղասպանության թանգարանի գիտխորհրդի որոշմամբ, ՀՑԹԻ ցուցաբերած աջակցության և Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում ունեցած ավանդի համար Ռալֆ Յիրիկյանը, Ջեֆրի Ռոբերտսոնը և Յուսսի Բյորնը արժանացել են Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե մեդալին, որը թողարկվել է «Երախտագիտություն» անվանակարգով:

 

 

Դիտվել է 1505 անգամ:
Print Friendly

Leave a Reply