Սերժ Սարգսյանը կարևորել է հանրային խորհրդի դերը` ընգծելով այն օրենսդրությամբ կարգավորելու անհրաժեշտությունը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | April 20, 2012 14:21

Հանրային խորհրդի անդամները ապրիլի 19-ին հանդիպել են Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Օրակարգում եղել են գյուղատնտեսության ոլորտում հրատապ կարգավորում պահանջող որոշ խնդիրների, արտահանման ընդլայնման և խթանման, Հայաստանում կատոդային պղինձ ստանալու վերաբերյալ, Հանրային հեռուստատեսության եթերի բովանդակության հետ կապված և արդիական համարվող այլ հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարները:

ՀԽ անդամ Վլադիմիր Մովսիսյանը, ընդգծելով վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտում կատարված դրական տեղաշարժերը, կարևորել է ձեռքբերումները կատարելագործելու անհրաժեշտությունը: Մասնավորապես Մովսիսյանը ներկայացրել է ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործման, մթերքի իրացման ոլորտում առկա որոշ խնդիրներ:

Խոսրով Հարությունյանը ներկայացրել է ջերմոցային տնտեսության զարգացման անհրաժեշտությունը, ինչը կավելացնի արտահանման ծավալները, կապահովի երաշխավորված եկամուտներ:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ բարձրացված հարցերը խորությամբ կուսումնասիրվեն և կքննարկվեն կառավարությունում:

Հանքարդյունաբերության ոլորտի քննարկումներում կարևորվել է պատրաստի արտադրանքի արտահանման անհրաժեշտություն: ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանը, որպես օրինակ, առաջ է քաշել Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու հարցը:

Հեռուսատեթերի բովանդակության վերաբերյալ քննարկման ժամանակ ՀԽ անդամ Հովիկ Մուսայելյանը շեշտել է ՀԽ-ի և Հանրային հեռուստատեսության միջև համագործակցությունը սերտացնելու անհրաժեշտությունը՝ հայտնելով, որ ՀԽ համապատասխան հանձնաժողովը հանդես է գալու Հանրային հեռուստաընկերության և Հանրային խորհրդի միջև աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկությամբ:

Նախագահը կարևորել է Հանրային խորհրդի դերը: Նա համոզմունք է հայտնել, որ կառույցը կայացել է, իսկ առավել ամրանալու և զարգանալու համար անհրաժեշտ է այն կարգավորել նաև օրենսդրությամբ:

Դիտվել է 698 անգամ:
Print Friendly

Leave a Reply