ԶՄՅՈՒՌՆԻԱՅԻ ԱՂԵՏԸ – 90

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | April 20, 2012 15:10

Զմյուռնիայում` Փոքր Ասիայի նշանավոր առևտրական և մշակութային կենտրոններից մեկում, հայերը հաստատվել էին հնագույն ժամանակներից և բնակվում քաղաքի առանձին հայկական Գետեզերք, Քարափ և Հայոց թաղամասերում:

Արդեն 18-19-րդ դարերում քաղաքը դարձավ հայկական մշակութային խոշոր կենտրոն: Այստեղի տպարաններում հրատարակվել են գրքեր ու պարբերականներ, որոնք նշանակալից են եղել հայ մշակութային, հասարակական-քաղաքական կյանքում: Քաղաքում գործում էին դեռ 1799թ. հիմնված Մեսրոպյան և օրիորդաց Հռիփսիմյան վարժարաներըը, ինչպես նաև մի շարք մասնավոր դպրոցներ: Զմյուռնիահայ համայնքն ուներ չորս եկեղեցի, (նշանավոր էր Սուրբ Ստեփանոսի եկեղեցին), Ազգային հիվանդանոց և թատրոն: Զմյուռնիայի տնտեսական կյանքում կարևոր տեղ ունեին հայ վաճառականները, որոնք արտահանում էին գորգ, կաշի, բուրդ, չոր մրգեր և իրենց առևտրական տներն ունեին Եվրոպայում, Ռուսաստանում, Հնդկաստանում և Եգիպտոսում:

Իր բազմամշակույթ և զարգացած քաղաքային կենցաղի համար Զմյուռնիան հայտնի էր «Արևելքի փոքր Փարիզ» անվամբ:

Մինչ 1922թ. Զմյուռիայում ապրում էր շուրջ 30 000 հայ:

1922 թ. սեպտեմբերին քեմալական զորքերն իսկական նախճիր սարքեցին Զմյուռնիայում` հրի ու սրի մատնելով քաղաքի հայկական ու հունական թաղամասերը: Քաղաքի միտումնավոր հրկիզումը նպատակ ուներ ահաբեկել քրիստոնյա բնակչությանը` ստիպելով նրանց ընդմիշտ լքել այն: Թաղամասերը ծածկվեցին տասնյակ հազարավոր հայերի ու հույների դիակներով: Շատերը, ովքեր փորձեցին փրկություն գտնել ծովում խարիսխ գցած և լոկ դիտորդի դեր ստանձնած անգլիական, իտալական ու ամերիկյան ռազմանավերում, ծովասույզ եղան:

Այսպիսով, Զմյուռնիայի աղետը Հայոց ցեղասպանության վերջին դրվագներից մեկը հանդիսացավ` ազդարարելով նաև «Թուրքիան` թուրքերին» քեմալականների պետականաստեղծ ծրագրի սկիզբը: Ներկայումս Զմյուռնիան հայտնի է թուրքական Իզմիր անունով, իսկ քաղաքի բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են թուրքերը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Զմյուռնիայի աղետի իննսունամյա տարելիցի կապակցությամբ 2012 թ. կազմակերպելու է ժամանակավոր ցուցադրություն` Զմյուռնիայի հրդեհը ներկայացնող բացառիկ բնօրինակ լուսանկարներով ու տեսանյութերով: ՀՑԹԻ նախատեսում է նաև մեկօրյա միջազգային գիտաժողովի անցկացում` նվիրված Զմյուռնիայի աղետին:

Դիտվել է 2379 անգամ:
Print Friendly

Leave a Reply