Երևանը պատրաստ է գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու առթիվ միջոցառումների մեկնարկին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 20, 2012 14:21

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների ծրագիրը ներկայացնելու առիթով  հրավիրված ասուլիսի ժամանակ վստահեցրել է, որ մայրաքաղաքը պատրաստ է հավուր պատշաճի հյուրընկալելու աշխարհի տարբեր երկրներից ժամանող հյուրերին:
«Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելը որքան պատվաբեր, նույնքան էլ պատասխանատու պարտավորություն է, ինչը, վստահ եմ, կհաջողենք պատվով կատարել: Միջոցառումների մեկնարկին ընդառաջ` քաղաքապետարանն արել է հնարավորը, որպեսզի հյուրերը հնարավորություն ունենան լիարժեք վայելելու մեր գեղեցիկ քաղաքի ողջ հմայքը: Նորոգվել ու վերագործարկվել են մի շարք շատրվանային համալիրներ, ջրավազաններ, զգալի աշխատանք է կատարվել փողոցների, մայթերի, պուրակների ու այգիների բարեկարգման և կանաչապատ տարածքների հարդարման ուղղությամբ: Բացի այդ, աշխատանքներ են տարվել ու տարվում նաև մարաքաղաքի արտաքին լուսավորության և համապատասխան ձևավորման ուղղությամբ: Մի խոսքով, կարող եմ վստահեցնել, որ Երևանը պատրաստ է հյուրընկալելու իր հյուրերին»,- նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ տոնին ընդառաջ մայրաքաղաքում նաև ինքնատիպ` գրքի տեսքով գրքի վաճառքի լրացուցիչ տաղավարների հատուկ տարածքներ են առանձնացվել:

ՀՀ  նախագահի աշխատակազմի ղեկավար, հայ գրատպության 500-ամյակի հոբելյանական հանձնաժողովի քարտուղար, միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել են Հայաստանում և արտերկրում իրականացված ու նախատեսվող տոնական միջոցառումների տարեկան ծրագիրը: Նրանք վստահեցրել են, որ մայրաքաղաքի ու երկրի մշակութային կյանքում «Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումները կդառնան շրջադարձային ու կարևոր իրադարձություն` հատկապես հայ երիտասարդության շրջանում վերստին վերականգնելով գրքի ու գիտելիքի նկատմամբ սերն ու ջերմությունը:
Նշվել է նաև, որ Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան կայցելեն  շուրջ 30 երկրների պատվիրակություններ և 50 պատվավոր հյուրեր:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ հավելել է, որ մասնավորապես ապրիլի 22-ին` Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու օրը, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում նախատեսվել են տոնական միջոցառումներ: Հաշվի առնելով, որ այդ օրվա միջոցառումների հիմնական մասը նախատեսված է անցկացնել մայրաքաղաքի կենտրոնական մասում և այդ պատճառով ավտոմեքենաների երթևեկի համար փակ են լինելու փոքր կենտրոնի որոշ փողոցներ, Տարոն Մարգարյանը, օգտվելով առիթից, հայցել է երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը` պատճառվելիք որոշակի անհարմարությունների համար:

Դիտվել է 901 անգամ:
Print Friendly

Leave a Reply