Facebook-ում հարցման մասնակիցների 80 տոկոսը դեմ է քվեարկել հայ-թուրքական արձանագրություններին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 10, 2009 17:36

«Ի՞նչ կարծիք ունեք նախաստորագրված արձանագրությունների մասին». Facebook սոցիալական ցանցում սեպտեմբերի 28-ից գործում է նման խորագրով հարցում, որն առաջարկել է «Բարգավաճ Հայաստան» բաժանորդը:

Մասնակիցները կարող են ընտրել հնարավոր 3 պատասխաններից (կողմ եմ, դեմ եմ, դժվարանում եմ պատասխանել), մեկը: Ցանկության դեպքում կարող են նաև մեկնաբանել իրենց ընտրությունը և կարծիք հայտնել՝ Արձանագրությունների վերաբերյալ:

Հարցմանը հոկտեմբերի 10-ի դրությամբ մասնակցել է 844 մարդ: Քվեարկողների 80 տոկոսը կամ 678 մարդ դեմ է արտահայտվել Արձանագրություններին: 100 մարդ կամ քվեարկողների 12 տոկոսը կողմ է Արձանագրություններին, 8 տոկոսը կամ 66 մարդ ընտրել է «Դժվարանում եմ պատասխանել» տարբերակը:

Բաժանորդները նաև տարաբնույթ կարծիքներ են արտահայտել. «Tsol Boo» բաժանորդը գրում է, որ այդ ստորագրությամբ կկործանվի այն ամենը, ինչ կառուցվել է այսքան տարիների ընթացքում: Մարիան Պետրոսյանը գրում է, որ ինքը դեմ է Արձանագրություններին՝ պատմական հանձնաժողով ստեղծելու դրույթի պատճառով: «Սահմանի բացումը և պատմական հանձնաժողովի ստեղծումը կապ չունեն միմյանց հետ»,- գրում է Պետրոսյանը:

«Arsina Yan» բաժանորդն էլ գրում է, որ երբ Հիսուսն ասում էր՝ «Սիրիր թշնամուդ», այդ ժամանակ աշխարհում թուրքեր դեռևս չկային: «Arlet Verdi»-ն էլ նշում է, որ Արձանագրություններն իրականում ոչ թե հայ-թուրքական են, այլ միայն թուրքական. «Մնաս բարով ասեք Հայաստանին»:

Արձանագրությունների քննարկումը զերծ չի մնացել նաև ադրբեջանցիների «ներխուժումից». նրանք փորձել են շեղել քննարկման ընթացքը` հարցը տեղափոխելով Ղարաղյան հակամարտության հարթություն:

Դիտվել է 1507 անգամ:
Print Friendly

Leave a Reply