ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել Շենգավիթ վարչական շրջանի ընտրողների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 19, 2012 20:37

Սիրելի՛ շենգավիթցիներ,
Շնորհակալ եմ, որ այս անբարենպաստ եղանակին եկել եք այս հանդիպմանը: Եկել եք մեզ սատարելու: Ձեր աջակցությունը իսկապես շատ բան է նշանակում մեզ համար: Այս օրերի ընթացքում ես հասցրել եմ Հայաստանի գյուղերում ու քաղաքներում ներկայացնել Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի դրույթների մի մասը: Այսօր ուզում եմ խոսել Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության մի քանի կետերի մասին:
Մենք, որպես կառավարող քաղաքական ուժ, զեկուցում ենք, որ նախորդ տարիներին մենք որոշակի արդյունքների ենք հասել Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրացնելու գործում: Մեզ դիտում են որպես հուսալի գործընկեր թե՛ Ռուսաստանում, թե՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ-ում և թե՛ Արևելքում: Եվ դա փաստ է: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում ուժեղացրել ենք արտաքին ագրեսիային հակազդելու համակարգը: Ավելի պարզ ասեմ: Հնարավոր պատերազմը կանխելու հարցում գործուն միջոցներ ենք ձեռք առել: Դրան զուգահեռ` ապահովել ենք ուժերի հավասարակշռությունը: Մենք պաշտպանել ենք խաղաղությունը, որի գինը, սիրելի՛ հայրենակիցներ, համոզված եմ, լավ գիտեք:
Բայց միայն խաղաղություն պաշտպանելը քիչ է: Մենք Արցախին ցուցաբերում ենք համակողմանի աջակցություն, և համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է դառնա ընթացող բանակցությունների լիիրավ անդամ, լիիրավ կողմ: Մենք պայքարում ենք դրա համար, ինչպես նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման համար:
Մեր արտաքին քաղաքականությունը հիմնված է եղել մեր իսկ նախաձեռնությունների վրա և այդպիսին լինելու է այսուհետ ևս:
Մենք բարձրացնելու ենք Ռուսաստանի Դաշնության հետ կնքված պայմանագրերի իրագործման արդյունավետությունը: Այստեղ մի կողմից ունենք իրավական բավարար բազա, մյուս կողմից կա հսկայական ներուժ, որ դեռ պետք է կենսագործվի:
Եվրոպական միության հետ վիզաների դյուրացման ու խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի կնքումը մեր օրակարգում է, և մենք հասցնելու ենք ավարտին: Սա Հայաստանի եվրամերձեցման կարևորագույն օղակներն են, որ դրական մեծ ազդեցություն կարող են ունենալ մեր ողջ հասարակության և տնտեսության վրա:
Սիրելի՛ շենգավիթցիներ,
Ես գիտեմ, որ ձեր համայնքի ամենամեծ խնդիրը, ամենամեծ պրոբլեմը աշխատատեղերի խնդիրն է: Այո, արժանապատիվ վաստակի խնդիրն է: Ձեզ հավատացնում եմ, որ այս համաձայնագրերը շատ մեծ դրական ազդեցություն են ունենալու: հենց նոր ես այցելեցի ձեր համայնքում գտնվող «Արարատ» կոմբինատ, որը վերամշակման ձեռնարկություն է և որը շատ կարճ ժամանակահատվածում ստեղծել է 300-ից ավելի աշխատատեղ և դեռ պետք է շարունակվի: Ահա, այսպիսի պայմանագրերի առկայության պայմաններում մենք կարող ենք ունենալ լավ արտադրություն և այս արտադրանքը մենք կարող ենք իրացնել բոլոր տեղերում:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն, ինչպես գիտեք, արդեն մաս է կազմում Եվրոպայի ժողովրդական կուսակցության մեծ ընտանիքին: Սրանք գիտակցված քայլեր են, որ փոխելու են մեր երկրի թե՛ ներքին, և թե՛ արտաքին նկարագիրը: Մենք հավատում ենք դրան և վճռական ենք այս հարցում:
Հայոց Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին մենք բազմապատկելու ենք ջանքերը դրա միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ: Մեր կուսակցությունը որևէ ցեղասպանության ուրացում համարում է ոճրագործության ուղղակի շարունակություն, և մենք պայքարելու ենք ամեն օր մեր և մարդկության դեմ իրականացվող այդ հանցագործության դեմ: Ֆրանսիայում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը ոգևորեց մեզանից շատերին, իսկ Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի վճիռը ոմանց հիասթափեցրեց: Ես բոլորիդ կոչ եմ անում սառնասրտության և համբերատարության, որովհետև միջազգային ասպարեզում հայության իրավունքների ու շահերի պաշտպանությունը իրականում շատ բարդ գործընթաց է: Մենք այս հարցում մեծ ու տևական ճանապարհ ունենք անցնելու: Համոզված եմ, որ այս հրապարակում չկա մեկը, որ չհավատա դրա վերջնական հաղթանակին: Պատմական արդարության վերականգնումն իհարկե համայն մարդկության գործն է, բոլորիս գործն է: Ուրեմն` սառնասրտություն, համբերություն և աշխատանք:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մենք ունենք ոտքի կանգնած պետություն, որ ուժեղ է ձեզնով: Ուժեղ է, որովհետև իր կողմն է արդարությունը: Ի տարբերություն ոմանց, մենք չունենք ստելու կարիք և թշնամական քարոզչության անհրաժեշտություն: Մեր արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչ է պատմական և քաղաքական ճշմարտության պաշտպանությունը:
Համահայկական միասնությունը, ինչպես նաև Հայրենիք-Սփյուռք հարաբերություններն անհնար է դիտարկել արտաքին քաղաքականության համատեքստից դուրս: Բայց կա մեկ այլ հանգամանք` անհնար է դրանք դիտարկել ներքին քաղաքականության համատեքստից դուրս:
Մեր այսօրվա հանդիպումը նախընտրական է, իսկ արդյո՞ք ներկա ընտրությունները կարելի է դիտարկել որպես միայն ներքին ոլորտի հարց: Ո՛չ, որովհետև մենք երկիր ենք և գտնվում ենք արդի աշխարհի համատեքստում: Մենք ենք ընտրել այս ուղին, և Հանրապետական կուսակցության ուղեգիծը նույնն է: Սա հենց այն է, ինչին մենք «այո» ենք ասել դեռևս 1991 թվականի անկախության հանրաքվեի ժամանակ: Մենք հավատարիմ ենք մեր ժողովրդի ընտրությանը` լինել անկախ, ժողովրդավարական պետություն: Մենք ձեզ հետ միասին, սիրելի՛ շենգավիթցիներ, հենց հիմա ենք զբաղված այդ գործընթացով. մեր ժողովրդավարությունն ենք զարգացնում, մեր պետությունն ենք ամրացնում:
Մարդու ազատությունների ոտնահարումը (լինեն տնտեսական կամ քաղաքական), իրավականորեն պաշտպանված չլինելը միայն ներքին հարց չէ: Նման երկիրը չի կարող միջազգային հեղինակություն ու բարձր վարկ ունենալ: Բայց անհեթեթություն է մտածել, որ մենք պիտի լավ բաներ անենք մեզ համար, որպեսզի օտարները գոհ լինեն: Մենք, ինչ անում ենք, (լավ, թե վատ), անում ենք մե՛զ համար:
Մենք ծրագրում ենք բարեփոխել Հայաստանը, ինչն իհարկե կունենա դրական արձագանք աշխարհում, բայց այդ բարեփոխումները առաջին հերթին մեզ համար են և այդ բարեփոխումներից առաջին հերթին գոհ եք լինելու մենք: Գոհ են լինելու գործատուն ու աշխատավորը, ովքեր աշխատելու են ավելի բարենպաստ միջավայրում: Գոհ են լինելու ուսանողն ու գիտնականը, որոնք ուսանելու և ուսումնասիրելու ավելի լավ պայմաններ են ունենալու, գոհ են լինելու գյուղացին ու առևտրականը, գոհ է լինելու երևանցին, որ ունենալու է բարեկարգ ու հարմարավետ քաղաք` չխաթարվող ճարտարապետական դիմագծով և հասարակական կանոնավոր երթևեկությամբ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր ես իմ ելույթը կառուցել եմ այնպես, որ մենք բոլորս պատկերացնենք առաջիկա տարիների Հայաստանը: Պատկերացնենք առաջիկա մեր վարքը Հայաստանում որպես պետության քաղաքացիներ: Պատկերացնենք առաջիկա մեր վարքը սփյուռքի մեր քույրերի և եղբայրների հետ շփվելիս, որպես համայն հայության մասնիկներ: Եվ պատկերացնենք առաջիկա մեր վարքը տարածաշրջանում ու աշխարհում, որպես արտաքին քաղաքական դիրքորոշում և ուղեգիծ ունեցող ազգ:
Ես ձեզ կոչ եմ անում մայիսի 6-ին կատարել ձեր քաղաքացիական պարտքը: Դրսևորե՛ք ձեր օրինակելի վարքը մեր ողջ ժողովրդի և աշխարհի առաջ: Կտեսնեք, որ դրականորեն փոխվում են նույն այդ ժողովուրդն ու աշխարհը ձեր աչքի առաջ:
Եվ որպեսզի մենք կարողանանք իրականացնել այդ փոփոխությունները, մենք պետք է հավատանք: Հավատա՛նք, որ փոխենք: Առանց հավատի որևէ լուրջ գործ անհնար է կատարել: Հավատա՛նք, որ փոխենք:
Սիրելի շենգավիթցիներ,
Ինչպես նշեվի մայիսի 6-ին տեղի է ունենալու խորհրդարանակն ընտրություններ: Այդ ընտրությունների արդյունքում մենք ունենալու ենք քաղաքական ուժ, որը պետք է կառավարի մեր երկիրը: Ձեզանից է կախված, թե որ քաղաքական ուժը պետք է լինի երկրի ղեկին: Չափազանց կարևոր է, իհարկե, այդ հարցը, բայց ամենից կարևորն այն է, որպեսզի մենք կարողանանք անցկացնել լավ ընտրություններ, որպեսզի այդ ընտրությունները վայելեն մեր ժողովրդի և իհարկե նաև մեր գործընկերների վստահությունը: Այդպիսի ընտրություններով ընտրված իշխանությունը կարող է շատ ավելի մեծ գործ կատարել:
Ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ նախորդ ընտրություններում մեզ սատարելու համար: Շատ շնորհակալ եմ: Եվ իհարկե ուզում եմ խնդրել, որպեսզի մայիսի 6-ի ընտրություններում էլ սատարեք մեզ՝ ՀՀԿ-ին: Վստահ եղեք, որ մենք երբեք ձեր այդ վերաբերմունքը չենք չարաշահի: Երբ ասում եմ քվեարկեք մեր օգտին, երբ ասում եմ քվե տվեք ՀՀԿ-ին, սիրելի շենգավիթցիներ, ես նկատի ունեմ ինչպես համամասնական ցուցակը, այնպես էլ մեծամասնականով առաջադրված թեկանծուներին: Ինչպես գիտեք, Շենգավիթ համայնքի բնակչության մի հատվածը քվեարկում է թիվ 8 ընտրատարածքում, և այս ընտրատարածքում ՀՀԿ առաջադրել և սատարում է պարոն Կորյուն Նահապետյանին: Վստահ եմ, որ պարոն Կորյուն Նաահապետյանն արժանապատվորեն կներկայացնի Շենգավիթը ՀՀ ԱԺ-ում: Թիվ 11 ընտրատարածքում ՀՀԿ թեկնածու չի առաջադրել, սատարում է իր կոալիցիոն գործըկերոջ կողմից առաջադրված թեկանածուին՝ պարոն Գրիգոր Մարգարյանին: Ես վստահ եմ, սիրելի շենգավիթցիներ, որ դուք աս անգամ ևս ձեր վստահության քվեն կտաք ՀՀԿ-ին: Մենք դեռևս շատ ծրագրեր ունենք իրականացնելու և ձեր սատարումը հնարավորություն կտա ավարտին հասցնելու կամ գոնե հասցնելու մեր ծրագրերը մի այնպիսի մակարդակի, մի այնպիսի հանգրվանի, որտեղից հետադարձ չկա:

Դիտվել է 2134 անգամ:
Print Friendly

Leave a Reply