Սկաֆատիի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 19, 2012 17:40


Ապրիլի 13-ին ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանն այցելեց Սալերնո նահանգի Սկաֆատի /Scafati/ քաղաքը, ուր հանդիպում ունեցավ քաղաքապետ Անջելո Պասկալինոյի հետ /Angelo Pasqualino Aliberti/, ինչպես նաև մասնակցեց քաղաքի պատմական շինություններից մեկում` Ռեալ Պոլվերիկո Բորբոնիկոյում, Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված «Հայ արտիստները Սկաֆատիում» /Artisti Armeni a Scafati/ ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը:
Քաղաքապետի հետ տեղի ունեցած զրույցի ընթացքում դեսպան Կարապետյանը քննարկեց Սկաֆատիի հետ քաղաքային մակարդակով համագործակցության հաստատման, զբոսաշրջության և առևտրատնտեսական ոլորտներում կապերի զարգացման հնարավորությունները:
Հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում դեսպան Կարապետյանը շեշտեց, որ «Հայ արտիստները Սկաֆատիում» ցուցահանդեսի կազմակերպումը չափազանց կարևոր է, քանի որ այն տեղի է ունենում պատմական Պոմպեյ քաղաքի անմիջական մերձակայքում և հնարավորություն կընձեռի բազմահազար իտալացի և օտարերկրացի զբոսաշրջիկներին մինչև մայիսի 31-ը ճանաչելու և հաղորդակցվելու հայկական ժամանակակից արվեստի հետ: Իր հերթին Սկաֆատիի քաղաքապետը նշեց, որ «քաղաքի պատմական այս վայրում առաջին անգամ է կազմակերպվում օտար, ոչ իտալական, ազգային մշակույթը ներկայացնող ցուցահանդես»` հավելելով, որ «իրենց քաղաքի համար հիրավի մեծ իրադարձություն և պատիվ է հայկական մշակույթին նվիրված նման միջոցառման իրականացումը»:
Ցուցահանդեսին, որը կազմակերպել էր Իտալիայում ՀՀ դեսպանությունը, ներկայացված էին տարբեր երկրներից /ԱՄՆ, Չեխիա, ՌԴ, ՀՀ, Իտալիա, Կանադա/ հայազգի 16 նկարիչների և քանդակագործների աշխատանքներ:
Ապրիլի 17-ին Սկաֆատիի քաղաքային խորհուրդը /ջունտան/ միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը` «հարգանքի տուրք մատուցելով 1.5 միլիոն հայ նահատակների հիշատակին և զորակցություն հայտնելով հայ ժողովրդին»:

Դիտվել է 1010 անգամ:
Print Friendly

Leave a Reply