Մինչ Արձանագրությունների ստորագրումը նախագահն ուղերձով դիմել է հայ ժողովրդին
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 10, 2009 15:59
Այսօր երեկոյան Շվեյցարիայում Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված Արձանագրությունների ստորգրման առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձով դիմել է հայ ժողովրդին:
Սարգսյանն իր ուղերձում նշել է, որ «Մենք այսօր փորձում ենք բնականոն հունի մեջ դնել հարաբերությունները մի երկրի հետ, որտեղ Օսմանյան կայսրության տիրապետության տարիներին պետական մակարդակով մեր ժողովրդի հայրենազրկման ու բնաջնջման քաղաքականություն է իրականացվել: Ցեղասպանության վերքը չի սպիանում: Եվ մեր նահատակների հիշատակն ու մեր սերունդների ապագան պահանջում են ունենալ կայուն ու ամուր պետականություն, հզոր ու բարգավաճող երկիր, ողջ հայության երազանքների ծնունդը դարձած հայրենիք: Այդ ճանապարհի կարևոր քայլերից մեկը մենք համարում ենք բոլոր հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ բնականոն կապերի հաստատումը»:
Նախագահն ասել է նաև, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումն այլընտրանք չունի: «Դա ժամանակի հրամայականն է: Այս անհրաժեշտությունը չէ այսօր տարակարծությունների առարկան: Առանձին անհատների ու քաղաքական ուժերի մտավախությունը ծնվում է ստորագրվող Արձանագրությունների մի քանի դրույթների տարակերպ մեկնաբանություններից ու Թուրքիայի հանդեպ պատմական անվստահությունից»:
Ուղերձում նաև ասվում է.
«Իրատեսորեն գնահատելով այս հանգամանքները, համոզված լինելով ձեռնարկված քայլերի անհրաժեշտության ու ճշմարտացիության մեջ` պնդում եմ.
1. Ցանկացած հարաբերություն Թուրքիայի հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանության իրողությունը: Այն հայտնի փաստ է և պետք է ճանաչվի ու դատապարտվի ողջ առաջադեմ մարդկության կողմից: Միջկառավարական հանձնաժողովի համապատասխան ենթահանձնաժողովը պատմաբանների հանձնաժողով չէ
2. Հայաստանի և Թուրքիայի միջև առկա սահմանների հարցը ենթակա է լուծման գերակա միջազգային իրավունքի համաձայն: Արձանագրությունները դրանից ավելի ոչինչ չեն ասում
3. Այս հարաբերությունները որևէ ձևով չեն առնչվում ու չեն կարող առնչվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, որն անկախ ու ինքնուրույն գործընթաց է: Հայաստանը չի դիտարկում Արձանագրություններում ամրագրված տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության հարցը՝ որպես Ղարաբաղի հիմնախնդրի հետ որևէ առնչություն ունեցող հիշատակում
4. Թուրքիայի կողմից Արձանագրությունների վավերացման ձգձգումը կամ վավերացման հնարավոր նոր պայմանների առաջադրումը հայկական կողմի համարժեք վերաբերմունքին կարժանանա: Այս արձանագրություններով Հայաստանը միակողմանիորեն չի ստանձնում որևէ պարտավորություն, չի կատարում որևէ հաստատում: Հայաստանը ստորագրում է այս արձանագրությունները՝ երկու երկրների միջև բնականոն հարաբերություններ հաստատելու հիմքեր ստեղծելու նպատակով: Ուստի, եթե Թուրքիան խելամիտ ժամկետում չվավերացնի այս արձանագրությունները և դրանից հետո սահմանված ժամկետում չկատարի դրանց բոլոր դրույթները կամ դրանք խախտի հետագայում, ապա Հայաստանն առանց հապաղելու կձեռնարկի միջազգային իրավունքին համապատասխան համարժեք քայլեր»:






Facebook
Tweet This
Email This Post
