«Ես չեմ խոսում, դու պետք է խոսես, ես չեմ լսում, դու պետք է լսես»

Հարցազրույց | | April 20, 2012 13:21

Զուբեյդան որդեգրեց իր ճանապարհը` օգնել բոլորին՝ աչքերով լսելով

Աշխարհի բոլոր լեզուների կողքին կա նաև մեկը, որ Զուբեյդայի սրտով է: Այս լեզվով հաղորդակցվելիս աշխարհն իրենն է: Նա օգնում է մեծերին, հաշվի առնում երեխաների ցանկությունները: Զուբեյդան լսում ու տեսնում է, բայց առօրյայում խոսում է ժեստերի լեզվով: Բացի երեխաների հետ աշխատելուց, նա ցանկացողների հետ նույնիսկ անվճար պարապմունքներ է անցկացնում: Իսկ մենք նրա հետ ծանոթացանք պատահաբար:

– Ես Զուբեյդան եմ: Իմ ծնողները խուլ են: Ծնվել ու մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ մայրս առաջին բառերն ինձ ասել է ժեստերով: Ես այս լեզվով եմ ճանաչել աշխարհը,- պատմում է Հայաստանի ժեստերի լեզվի առաջին հեռուստատեսային թարգմանիչ 54-ամյա Զուբեյդա Մելիքյանը:

Նա ասում է, որ ծանր մանկություն է ունեցել: Նրան ծաղրել են ու ասել. «Վա~յ, ինչ մեղք է, ինքը կաթ ու լուս է, հըմը հերն ու մերը լալ են»:

– Հասարակությունը դեռ փոքրուց ասեղի նման անընդհատ ծակում է, քեզ անընդհատ հիշեցնում են, որ խուլի երեխա ես: Հիշում եմ` շուկայում, երբ մայրս սկսում էր ինչ-որ բան ասել, ես ասում էի. «Մա՛մ, մի խոսիր, մարդիկ նայում են»: Ես իսկապես ամաչում էի: Այդ ժամանակ մարդիկ նույնիսկ բացահայտ ծաղրում էին մեզ, խղճում ինձ, ծաղրում մորս: Բայց հիմա` տարիներ անց, դատապարտում ու քարկոծում եմ ինքս ինձ: Ես մեղք չեմ, ես պարզապես այլ, մի քիչ այլ սոցիալ-մշակութային փոքրամասնության ներկայացուցիչ եմ,- ասում է նա:

Զուբեյդան անընդհատ փորձել է հասկանալ իր ով լինելը: Ասում է` լավ կրթություն է ստացել, բայց դա բավարար չէր ինքնաճանաչողությունը բացահայտելու համար:

Զուբեյդան վերջապես բոլոր հարցերի պատասխանները ստանում է 40 տարեկանում, երբ 2000-ից սկսում է մասնակցել Ֆինլանդիայում անցկացվող Խուլերի համաշխարհային ֆեդերացիայի սեմինարներին:

– Հասկացա, որ փոքր բջիջն եմ այն հասարակության, որոնց թիվն աշխարհում հասնում է 70 մլն-ի: Մարդիկ մինչև հիմա էլ զարմանում են. փողոցում ժեստերի լեզվով եմ հաղորդակցվում, բայց միաժամանակ նաև խոսում եմ: Մի մարդ, օրինակ, վերջերս մոտեցավ, ասաց. «Կներեք, դուք դերասանուհի՞ եք»: Ասացի՝ ոչ, ես տիրապետում եմ թե՛ մեր մայրենիին, թե՛ ժեստերի լեզվին: Երբ մի քիչ ավելի մանրամասնեցի իմ կենսագրությունը, զարմացավ ու ասաց`

շնորհակալություն… Գիտեք, մենք ունենք մեր լեզուն, մեր մշակույթը, մեր պատմությունը: Ու հիմա ուր մտնում եմ, ասում եմ` ես Զուբեյդան եմ, խուլ եմ ու հպարտ եմ դրա համար,- պատմում է Զուբեյդան:

Ծնվելով ու մեծանալով Գյումրիում` նա ավարտում է տեղի մանկավարժական ուսումնարանը:

– Ուզում էի շարունակել ուսումս, բայց խուլերն ինձ միանգամից տարան թարգմանիչ աշխատելու, չնայած այդ գործն անում էի դեռ երկու տարեկանից,- ասում է Զուբեյդան ու ժպիտով շարունակում,- իմ առանձնահատկությունն այն է, որ ես կարծես կամուրջ եմ երկու մշակույթների` լսողների ու չլսողների միջև:

Նա բացատրում է, որ հասարակությունում խուլերը դասակարգվում են մի քանի խմբերի: Առաջինում` խուլ ծնողներն ու խուլ երեխաներն են: Այստեղ պահպանվում է խուլերի մշակույթն ու պատմությունը:

– Երկրորդ խմբում խուլ երեխաներն են ու լսող ծնողները: Այստեղ երեխաներն իրազեկված չեն: Նրանց անվերջ հիվանդի տեղ են դնում, մայրը երեխային չի հասկանում, երեխան էլ` մորը,- բացատրում է Զուբեյդան:

Երրորդ խմբում են խուլ ծնողները և լսող երեխաները:

– Ես այս խմբից եմ, բայց գտնվում եմ առաջինում: Մենք՝ խուլերի երեխեքս, անվերջ պատրաստ ենք հարձակման, սովոր ենք, որ հասարակությունը մեզ չպետք է հասկանա, միշտ պետք է քարկոծի, ու մենք՝ խուլ ծնողներ ունեցող բոլոր թարգմանիչներս, անընդհատ փորձում ենք պաշտպանել նրանց,- բացատրում է նա:

Պարզից էլ պարզ է, որ Զուբեյդայի օրը սկսվում և ավարտվում է խուլերի հետ: Վերջիններիս օգնելը նրա կյանքի նպատակն է, ասում է` առանց խուլերի կյանքն իր համար ուղղակի ոչինչ է: Նրա պատմություններում, ինչպես ինքն է ասում, կարմիր գծի նման իր մայրն է:

– Երբ մարդիկ «Օսկար» են շահում, ասում են` շնորհակալ եմ իմ ծնողներին: Ես հիմա ասում եմ` իմ ամբողջ կյանքում խուլ մայրս է ինձ ոգեշնչել, նա է իմ կուռքը, ինձ առաջ մղողը: Նա ինձ անվերջ ասում էր` Զուբեյդա, դու պետք է տիեզերք թռչես, ես չեմ խոսում, դու պետք է խոսես, ես չեմ լսում, դու պետք է լսես,- հիշում է Զուբեյդան:

Զուբեյդայի այտերը փայլում են արցունքներից: Խոսելիս հազիվ է կարողանում զսպել աչքերից կաթ-կաթ գլորվող արցունքները: Ինչպես բոլոր հետաքրքրվածներին, նա մեզ էլ է բացատրում, թե ինչ է նշանակում Զուբեյդա:

– Զուբեյդա նշանակում է սերուցք: Մամաս, երբ ինձնով հղի է լինում, մի գիրք է կարդում, որում ուժեղ կնոջ կերպար է լինում՝ Զուբեյդա անունով: Ես մորս առաջնեկն եմ, ու նա իր բոլոր երազանքները կապել էր ինձ հետ: Կյանքի ընթացքում ես որդեգրեցի իմ անցնող ճանապարհը ու մինչև հիմա էլ փորձում եմ իրականություն դարձնել մորս թաքուն երազանքները,- ասում է նա:

Ժեստերի լեզվի առաջին թարգմանիչը Հայաստանում Զուբեյդան էր: Նա հայտնվում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության առաջին ալիքում, Հայկական երկրորդ հեռուստաալիքում ու «Ա1+»-ում:

– Դա կարծես ձեռնոց էր հասարակությանը, ես արդեն հպարտ էի քայլում փողոցով ու նայում մարդկանց աչքերին,- նշում է Զուբեյդան:

1990-ից Զուբեյդան սկսում է աշխատել լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիրում որպես դաստիարակ: 2000-ից` որպես ժեստերի լեզվի ուսուցիչ: Նրա հեղինակած դասագրքերով են այսօր խուլ երեխաները սովորում ժեստերի լեզուն, որի ուսուցումը մինչև 2000 թ. գոյություն չուներ:

Ցույց տալով Հայկական ժեստերի լեզվի բառարանը՝ Զուբեյդան ասում է, որ իր աղջիկներից՝ Սրբուհուց ու Լիլիթից հետո բառարանն իր երրորդ երեխան է:

– Երբ ինձ հարցնում են, թե որն է իմ կյանքի ամենահիշարժան պահը, այդ պահին սուրբ երրորդությունն է աչքիս առաջ գալիս: Ասում եմ՝ իմ աննման երկու դստրիկների ծնունդը ու իմ առաջին գրքի ծնունդը,- ժպտում է Զուբեյդան:

Հենց Արարատյան թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա տեր Եսայի Արթենյանի օգնությամբ էլ հեղինակում է հոգևոր ժեստերի լեզվի բառարանը:

Զուբեյդան ժեստերի լեզվով «Հայր մերն» է ասում:

Նա նաև պատարագն է թարգմանել: Ամեն հինգշաբթի կրթահամալիրում տեր Եսային հոգևոր դասեր է անցկացնում, միակ մարդը հոգևոր դասից, որ տիրապետում է ժեստերի լեզվին:

– Խուլը լսում է աչքերով: Դուք՝ լսողներդ, ասում եք, որ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան տասն անգամ լսել… Ժեստերի լեզուն փիլիսոփայություն է, որովհետև ամեն ինչով զգացմունք է,- եզրափակում է Զուբեյդան:

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

Դիտվել է 1382 անգամ:
Print Friendly

Leave a Reply