Ինչպե՞ս են կատարվում բազմաբնակարան շենքում անշարժ գույքի կամ դրա սահմանների փոփոխությունները

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | April 23, 2012 0:30

Բազմաբնակարան շենքի կառավարման հետ կապված, ինչպես նաև նման մի շարք այլ հարաբերություններ կարգավորվում են «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքով (Աժ կողմից ընդունվել է 2002 թ. մայիսի 7-ին, ուժի մեջ է մտել 2002 թ. հունիսի 4-ին): Համաձայն այդ oրենքի 8-րդ հոդվածի` շինության սեփականատերերը հարակից շինության կամ հարակից շինության մասի սեփականության իրավունքով ձեռքբերման ժամանակ կամ միայն հարակից շինության սեփականատիրոջ համաձայնությամբ կարող է վերացնել կամ տեղափոխել որևէ բաժանիչ միջնապատ, դրա կամ պատերի մեջ բացվածքներ անել (ներառյալ այն դեպքերը, երբ այդ միջնապատերն ամբողջությամբ կամ մասնակիորեն հանդիսանում են ընդհանուր բաժնային սեփականություն):

 Շինության սեփականատերն իրավունք ունի, առանց մյուս սեփականատերերի համաձայնության, ոչ առևտրային նպատակներով իր շինության պատերից բացել կամ փակել պատուհաններ, դռներ, մուտքեր, ծխնելույզներ, պատերի այլ բացվածքներ, աստիճանավանդակներ, աստիճաններ, իր շինության ներքին կամ արտաքին պատերի վրա կամ դրանց կից իրականացնել այլ քաղաքաշինական գործունեություն (ներառյալ այն դեպքերը, երբ այդ պատերն ամբողջությամբ կամ մասնակիորեն հանդիսանում են ընդհանուր բաժնային սեփականություն):

 Շինության սեփականատերն իրավունք ունի, առանց մյուս սեփականատերերի համաձայնության, դեպի իր շինությունն անցկացնել մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ կոմունիկացիաներ (ներառյալ այն դեպքերը, երբ այն ամբողջությամբ կամ մասնակիորեն անցկացվելու է ընդհանուր բաժնային սեփականության միջով կամ վրայով կամ դրա օգտագործմամբ), եթե նման գործողությունները չեն թուլացնում շենքի կրողունակությունը, չեն խոչընդոտում ինժեներային կոմունիկացիաների, շենքի մեխանիկական և այլ սարքավորումների բնականոն գործունեությունը, և դրանց հետևանքով չեն խախտվում շինությունների սեփականատերերի` իրենց շինությունները տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու, ինչպես նաև ընդհանուր բաժնային սեփականությունից օգտվելու իրավունքները:

Հարակից շինությունների միջև սահմանները կարող են տեղաշարժվել, կամ գոյություն ունեցող շինությունները կարող են բաժանվել երկու և ավելի շինությունների` առանց մյուս շինությունների սեփականատերերի համաձայնության, եթե նման տեղաշարժերը կամ բաժանումը չեն առաջացնում շինությունների սեփականատերերի բաժնի փոփոխություն:

Վերոհիշյալ գործողությունները շինության սեփականատերն իրավունք ունի իրականացնելու միայն օրենսդրությամբ սահմանված նորմերի ու կանոնների պահպանմամբ` նախօրոք տեղեկացնելով շենքի կառավարման մարմնին:

Եթե նշված գործողություններն իրականացնելու հետևանքով խախտվելու են շինությունների սեփականատերերի` իրենց շինությունները տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու, ինչպես նաև ընդհանուր բաժնային սեփականությունից օգտվելու իրավունքները, ապա շինության` համապատասխան գործողություններ իրականացնել ցանկացող սեփականատերը կարող է այդ գործողություններն իրականացնել վերջիններիս համաձայնությամբ` հատուցելով շինությունների սեփականատերերին պատճառվող վնասները:

Նշված դեպքերում շինության սեփականատերերի կողմից համապատասխան գործունեության իրականացման կամ հատուցվող վնասների չափի առնչությամբ անհամաձայնություններ լինելու դեպքում վեճը լուծվում է դատական կարգով:

 

Ավետիք Հարությունյան

 

Դիտվել է 1937 անգամ:
Print Friendly

Leave a Reply