«Մեր հայրենիքից ոչ մի տեղ չենք գնալու. նրանք իզուր չեն զոհվել». Նելլի Ղուլյան

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | April 21, 2012 16:03

«Շուշին թվում էր անառիկ, Շուշին թվում էր երազանք…. Նրան հասել ենք քայլ առ քայլ, միանգամից չենք գրավել….»,- հիշում է Նելլի Ղուլյանը` Արցախի հերոս Աշոտ Բեկորի կինը:

Նրա խոսքերով, եթե տարբեր տարեգրությունների  մեջ շարժումը 1988-ն  են համարում, ապա Ղուլյանների ընտանիքի համար այն ավելի վաղ է սկսվել. «1987-ին արդեն նկատվում էին ինչ-որ բաներ, արդեն կար անհանգստություն, շարժումներ: Աշոտն առաջին մասնակիցներից էր, բայց ինքը չէր երևում, քանի որ այս ամենի վերջը պատերազմն էր, ու նա պատրաստվում էր հենց պատերազմին»,- ասում է  տիկին Նելլին:

Աշոտ Բեկորն այն ժամանակ կազմակերպվող հանրահավաքներին չի մասնակցել, սակայն ընդհատակյա գործունեություն է իրականացրել. գաղտնի զենք էր հայթայթում, ինքն էլ էր զենք պատրաստում:

Թեև տիկին Նելլին հուզվում է պատմելիս, զգացվում է, որ հպարտանում է իր ամուսնով. «Մտածում էր ինքնաշեն զենքի մասին, քանի որ չկար զենք: Սարքում էին այդ զենքերը, հետո փորձարկում` տեսնեն` ինչպես է գործում: Զենքերը փորձարկելիս էլ վիրավորվել է երեք անգամ»:  Աշոտին կնքել են Բեկոր մականվամբ մարմնի մեջ  մնացած զենքի կտորների պատճառով:

Տիկին Նելլիի խոսքերով` ամուսինը  միայն առաջին երեխայի ծննդյանն է ներկա եղել, մյուս որդիների ծննդյանը ներկա չի եղել, իսկ կրտսեր  որդուն չի էլ տեսել. երբ նա ծնվել է, Աշոտն արդեն չկար: «Մեծ տղայիս միշտ պատմում եմ, որ 87-88 թթ. սկզբներին ոչ թե հայերեն, այլ ադրբեջաներեն էին այստեղ խոսում. Բաքուն աստիճանաբար ադրբեջանացնում  էր Ղարաբաղը: Երևի Աստծո կամքով ամենահարմար պահին միացման  հարցն առաջացավ,  քանի որ, եթե մի քիչ էլ ձգեին,  արդեն Նախիջևանի բախտին կարժանանայինք: Իսկական ժամն էր, քանի որ համբերության բաժակը լցվել էր»,-ասում է նա:

Արցախում ավելի ավագները չէին հավատում, որ պատերազմ կլինի, որ կազատագրեն տարածքները,  քանի որ մի քանի անգամ Հայաստանին միանալու կամ Ղարաբաղի անկախանալու հարցը բարձրացվել էր, և միշտ էլ շատ դաժան կերպով  ճնշվել էր.  հավատ չկար, թե կարող էին այդ հարցը բարձրացնել: Սակայն մարդիկ կային, որ այդ հարցի համար իրենց կյանքն էին դրել:

Ստեփանակերտը Շուշիից բավականին ցածրադիր է. և հետևաբար ոչ ոք չէր հավատում, թե  հնարավոր է վերցնել  Շուշին, այն անառիկ էր: «Այն ժամանակ կար Արցախի հեռուստատեսություն, որից մեկ ժամը ռուսերեն էր հեռարձակվում: Նստած նայում էինք, մեկ էլ  ընդհատեցին այն: Աշոտը բարկացավ, ասաց. «Կբարձրանանք Շուշին կվերցնենք, կիմանաք»:  Նոր այդ ժամանակ մտածեցի, թե  պիտի կռիվ լինի… Մայրն ի՞նչ պիտի մտածի, մեջս վախ ընկավ. կռիվ կլինի, զոհեր կլինեն: Այդպես քիչ-քիչ սկսվեց ամեն ինչ»:  Պատմում են,  որ Աշոտ Բեկորը համարյա ամեն մարտից վերադառնում էր վիրավորված, սակայն չէր նահանջում, որոշել էր, որ պիտի գնա մինչև վերջ: Մինչև վերջ պայքարի էին դուրս եկել բոլորը` տղամարդիկ, կանայք, ծերերը, երեխաները: Պատերազմը միայն ռազմի դաշտում չէր, այլև առօրյայում. «Սպասում էի, որ գար. ամեն րոպե կարող է գային, պետք է դիմավորեի, ճանապարհեի: Գիտեի, հասկանում էի, թե որքան կարևոր է այդ պայմաններում նրանց աջակցելը, թեկուզ հաց սարքելը»:

Հե՞շտ է լինել հերոսի կին:  «Գյուղում ծանոթներն ասում էին` ինչո՞ւ հյուր չես գալիս, բայց ինչպե՞ս գնայի: Աշոտն ամեն րոպե կարող է մտնել, անպայման տանը պետք է լինեի, դիմավորեի, ճանապարհեի: Կին լինելն այնքան էլ հեշտ չէ, իսկ հերոսի կին լինելն առավել դժվար է….»: Աշոտ Բեկորը ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատարն էր, իր զինվորներին էլ սեփական երեխայի պես հոգ էր տանում:

Տիկին Նելլին պատմում է, որ ոչ մի րոպե իրենց մտքով անգամ չի անցել Հայաստանից հեռանալ, ուրիշ տարբերակ հնարավոր էլ չէր պատկերացնել: «Շուշիի ազատագրման օրն իմ թե՛ ամենավատ, թե՛ հուզումնալից, թե՛ ուրախ, թե՛ վախով ու սպասումով լի օրն է եղել:  Շուշին ուրիշ խորհուրդ ունի, Շուշին ուրիշ է….»:

Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերն էր: Աշոտ Բեկորն առաջինը մտավ Շուշի, կապվեց  բերդի պատից Գեորգի Պետրոսյանին. «Արդեն Շուշիում ենք….»:

«Ամեն րոպե սպասում էինք: Մեկ էլ եղբորս տղան վազելով եկավ,  ասաց. «Աշոտ ձաձան վիրավորվել ա….»:   Տիկին Նելլին  հուզվում է, ձայնը` դողում:  Չենք խոսում:

«Մի քանի օր հետո եկավ տուն: Չէր մանրամասնում, չէր պատմում` ինչ է եղել: Միայն ասաց, թե բասկետբոլ էին խաղում.  «Մենք գրանադն էնտեղ էինք գցում, հետո նրանք` մեզ»: Պատմում էր, որ մտել էին բերդը, խուցերը, որտեղ տանջամահ են արել մեր տղաներին…»: Բեկորը երկար չի վայելել ազատագրված Շուշին, 92 թվականին մայիս-հունիս ամիսներին Մարտակերտի ամենավատ շրջանն էր, կռվի թեժ պահն էր, պետք է շարունակեր մարտը:

1992  թվականն էր: Օգոստոսի  24-ին  Դրմբոն գյուղում  մի կրակոց ճակատագրական էր. անհայտ իրավիճակում զոհվեց Աշոտ Բեկորը: Մահվան հանգամանքները մինչ օրս չեն պարզվել:

Ականատեսները պատմում են, որ Աշոտ Բեկորի վերջին խոսքը եղել է` էրեխեքս: Դժվար է ասել`  նկատի ուներ իր վաշտի տղաների՞ն, թե՞ իր որդիներին. չէ՞ որ ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատարն էր, իր զինվորներին էլ սեփական երեխայի պես հոգ էր տանում: «Հիմա կարծում եմ` նա իր  մահով փրկեց մեզ, մեր գյուղից գնալուց հետո Աղդամից ռմբակոծել են, հենց այդ ռմբակոծության հետևանքով  մեկն ընկել էր տան այն մասը, որտեղ մենք էինք միշտ լինում»:

Զոհվելուց հետո Բեկորի ընտանիքը նախ տեղափոխվել է Երևան,  բայց մի քանի տարի անց վերադարձել է Արցախ. այստեղ է իրենց ընտանիքի հայրն ընկել, արյունը հողին խառնել:  Աշոտ Բեկորը  հենց Արցախն է, հենց այստեղից է սկսվում հայրենիքը:

1993 թ. Աշոտ Բեկորը հետմահու արժանացել է ԼՂՀ  «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի: 1999 թ. ԼՂՀ  նախագահի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը, պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով: 2002 թ. արժանացել է «Շուշիի ազատագրում» շքանշանի:

Այժմ Արցախը պատրաստվում է Շուշիի ազատագրմանը նվիրված մեծ տոնահանդեսին: Սա այն օրն է, երբ կորուստն ու ձեռքբերումը միանում են:

Աշոտ Բեկորի որդիները շարունակում են հոր գործը. ավագ որդին ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատարն է,  իսկ երրորդ  որդին` Բեկորը, ներկայումս ժամկետային զինծառայող է:

….Այս մարդիկ` այս արցունքոտ աչքերով կինը,  նրա որդիներն ու ամուսինը,  բոլորը մի մեծ  հայրենիքի բեկորներ են ու այս ազատ հողի անբաժանելի մասը:

Մարիամ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ

Դիտվել է 2632 անգամ:
Print Friendly

Leave a Reply