Հեղաշրջման փո՞րձ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | April 20, 2012 7:00

Թվում է, թե այս օրերին բոլորի ուշադրությունը բևեռված է բացառապես Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների քարոզարշավին, բայց պարզվում է, որ այդպես չէ: Մամուլում հրապարակում է եղել, որ նախապատրաստվում է ապրիլի 22-ին  անցկացնել Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի արտահերթ համաժողով և ընտրել նոր ղեկավար: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ 2011-ի դեկտեմբերի 17-ին կայացել է կազմակերպության հերթական համաժողովը, և նախագահ է վերընտրվել Մկրտիչ Փիլթոյանը, և նա էլ զարմացած է, որ նոր համաժողով է կազմակերպվելու, ապա ակնհայտ է, որ ինչ-որ բան այն չէ:

Փիլթոյանը սպորտի վարպետ է, նախկինում դարձել է ավտոռալլիի Հայաստանի բազմակի չեմպիոն և մրցանակակիր: Իսկ1995-ի դեկտեմբերի 21-ից նա գլխավորում է Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան: Ի դեպ, այն ժամանակ կազմակերպությունը մի փոքր այլ անվանում ուներ` Հայաստանի ավտոմոբիլային մարզաձևերի ֆեդերացիա:

Փիլթոյանը հայտնեց, որ իր համար անակնկալ է համաժողովը: Ֆեդերացիայի նախագահությունն  ամենևին էլ արտահերթ համաժողով հրավիրելու կարիք չի զգացել: Իրականությունն այն է, որ  ի հայտ է եկել ընդդիմադիրների մի խումբ, որը կազմակերպության ղեկավարության անունից հայտարարություն է տարածել համաժողով անցկացնելու մասին: Ընդ որում, նա չհերքեց, որ կարելի է արտահերթ համաժողով հրավիրել, սակայն կազմակերպության կանոնադրությունում նշված է, որ դրա համար, նախ, անհրաժեշտ է, որ պահանջ ներկայացնի կազմակերպության անդամների 1/3-ը, իսկ վերջնական որոշումը, նաև  համաժողովի օրակարգը պետք է  ընդունի նախագահությունը: Հաշվի է առնվելու, թե ինչքանով է հիմնավոր այդ պահանջը:

Եվ ահա, անսպասելիորեն ֆեդերացիայի անդամներին ապակողմնորոշող հայտարարություն է արվել: Իսկ շահագրգիռ անձինք բեռնափոխադրումների «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը և Հայաստանի արդյունաբերողների միության  նախագահ Արսեն Ղազարյանն են: Պարզաբանվեց, որ ստեղծված «տանդեմը»  կազմակերպությանը շուրջ 150 նոր անդամ է բերել և այժմ էլ փորձում  է այն գրավել: «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան 292 անդամ ունի: Եվ այնպես է ստացվել, որ նրանց կեսը կարող է խառնել բոլոր խաղաթղթերը և որոշել կազմակերպության ճակատագիրը: Ընդ որում, ֆեդերացիայի մյուս` բանից անտեղյակ անդամներին ծանուցագիր է ուղարկվել, որպեսզի մասնակցեն համաժողովին: Մինչդեռ ֆեդերացիայի նախագահությունն այդ մասին ոչ մի որոշում դեռևս չի կայացրել»,- ասաց Փիլթոյանը:

Նա հայտնեց նաև, որ ֆեդերացիան «խլելու» փորձ կատարվել է նաև նախորդ տարվա վերջին կայացած համաժողովում, սակայն նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուները պարտվել են: Փիլթոյանը հավաքել է համաժողովի մասնակիցների կեսից ավելի` 63 ձայն, իսկ այլընտրանքային մյուս երեք թեկնածուները` համապատասխանաբար 29, 21,19 ձայն:

Հարց է առաջանում, թե ինչից է դժգոհությունը և հեղաշրջում կատարելու ցանկությունը: Փիլթոյանը հայտնեց, որ 2011-ին մեկ տասնյակից ավելի միջոցառումներ են անցկացվել, մերոնք մեկնարկների են մասնակցել ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային ստուգատեսներում և վերադարձել են մրցանակներով: Սակայն այդ ամենն ընդդիմադիրներին քիչ է հետաքրքրում: Պարզապես  խնդիր է դրվել ֆեդերացիային տիրանալ: «Ձևականորեն հայտարարվում է, որ Հայաստանում ավտոմոբիլային սպորտը զարգացնելու ցանկություն կա, սակայն իրականում նպատակը ֆեդերացիան քանդելն է: Մասնավորապես, նախատեսել էինք ապրիլի 15-ին և 22-ին կազմակերպել Հայաստանի կանանց առաջնություն և զուգահեռ մեկնարկի Հայաստանի երկրորդ առաջնությունը, բայց ստեղծված իրավիճակում դրանք հետաձգվել են: Ինքս առաջարկել եմ, որ դժգոհողները, նախ, իրենց խոստումները իրականացնեն` ավտոմեքենաներ գնեն, ներդրումներ կատարեն, Հայաստանում ավտոսպորտը զարգացնեն: Այդ ժամանակ ինքս հրաժարական կտամ, սակայն բողոքավորներն այդպիսի ցանկություն չունեն: Իսկ ապօրինությունների դեմն առնելու, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, պատրաստվում ենք դիմել Հայաստանի արդարադատության նախարարություն, դատախազություն, մամուլի միջոցով հարցին հասարակական հնչեղություն տալ և պաշտպանել կազմակերպությունը բախտախնդիրների ոտնձգություններից»,- պարզաբանեց Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահը:

Դիտվել է 1717 անգամ:
Print Friendly

Leave a Reply