Հայուհիները և լողափնյա հանդբոլը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | April 22, 2012 7:00

 Լողափնյա հանդբոլի Հայաստանի ներկայացուցիչները նախապատրաստվում են իրենց նորամուտը նշել Եվրոպայի խոշորամասշտաբ ստուգատեսում: Հայաստանի մինչև 18 տարեկան հանդբոլիստուհիների հավաքականը մասնակցելու է հուլիսի 7-8-ը Բաթումում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Մերոնք ընդգրկվել են B խմբում և առաջին օրը մրցելու են  Շվեյցարիայի, Ռուսաստանի, Թուրքիայի ներկայացուցիչների հետ: Իսկ A խմբում են Հունգարիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի և Վրաստանի հավաքականները: Հաջորդ օրը  միմյանց հետ մրցելու են  երկու խմբերի թիմերը: A խմբում առաջին տեղը գրավողը խաղալու է B խմբում վերջինը ճանաչված թիմի հետ, A խմբում 2-րդ տեղը գրավողը` B խմբում 3-րդը ճանաչվողի հետ, և այսպես շարունակ: Ապա միմյանց հետ երկու տուրում ուժերն են չափելու հաղթողները և պարտվողները: Ի վերջո, հայտնի կդառնան առաջնության մրցանակակիրները և անհաջողակները:

Լողափնյա մարզաձևերն աստիճանաբար տարածում են գտնում աշխարհում, նաև մեր երկում: Եվ ուշագրավն այն է, որ թեև Հայաստանի լողափնյա մարզաձևերի ներկայացուցիչները նախկինում  մի շարք միջազգային մրցաշարերի են մասնակցել, առաջին անգամ  է, որ հանդես են գալու հին աշխարհամասի առաջնությունում: Եվ այդ փորձությանը ենթարկվելու է լողափնյա հանդբոլիստուհիների Հայաստանի երիտասարդական հավաքականը:

Ինքնին հարց կարող է առաջանալ, թե ինչ է մեզ համար էկզոտիկ համարվող լողափնյա հանդբոլը:

Այս մարզաձևը 1990-ականերին արմատավորվել է Իտալիայում: Սկզբում այն որպես շոու է ցուցադրվել: Իսկ 1995-ից լողափնյա հանդբոլն արդեն սկսել է ինքնուրույն գոյատևել: Ներկայումս այն տարածված է ավելի  քան չորս տասնյակ երկրներում:

Ժամանակի ընթացքում մշակվել են խաղի կանոնները: Ընդ որում, դրանք էականորեն տարբերվում են այն կանոններից, որոնք ընդունելի են այս մարզաձևի դասական տարատեսակում:

Անկասկած, լողափնյա հանդբոլը գրավիչ և դիտարժան մարզաձև է, գլխավորը` այն առողջարարական նշանակություն ունի: Բանն այն է, որ այս մարզաձևի մրցումները կազմակերպվում են մաքուր օդում և անպայման ջրավազանի կամ ջրային գոտու հարևանությամբ: Հետաքրքիրն այն է, որ լողափնյա հանդբոլն արմատավորվել և մեծ մասսայականություն  է վայելում նաև այնպիսի երկրներում, որոնցում դասական հանդբոլը զարգացած է, օրինակ` Իտալիայում, Հունաստանում, Հոլանդիայում և այլուր:

Լողափնյա հանդբոլը տարբերվում է դասականից: Մրցումներն անցկացվում են 27×12 մ  չափսի մարզահրապարակում, որը պետք է ծածկված լինի առնվազն 40 սմ-ոց ավազե շերտով: Բուն խաղային տարածքը 15×12 մ չափսի է, որից դուրս կա նաև անվտանգության գոտի: Նշագծումների համար օգտագործվում է 8 սմ-ից ոչ ավելի լայնքով ժապավեն: Դարպասներն ունեն 3 մ լայնություն և 2 մ բարձրություն: Հանդբոլիստները խաղում են մինչև 370 գ, հանդբոլիստուհիները` մինչև 300 գ ծանրություն ունեցող գնդակներով: Ամեն թիմի կազմում 8 խաղացող է: Խաղահրապարակում պետք է լինեն մեկ դարպասապահ և երեք այլ մարզիկներ, մյուսները պահեստայիններ են: Թիմում երկու դարպասապահ  կա, որոնց հանդերձանքը  տարբերվում է մյուս խաղացողների մարզահագուստից: Ընդ որում, 6 մ-ոց տուգանային հարվածի իրացման ժամանակ խաղացողների, նաև դարպասապահի խփած գնդակը հաշվվում է 2 միավոր: Խաղացողները պետք է ոտաբոբիկ լինեն, առանց  մարզակոշիկի, սակայն թույլատրվում է գուլպաներ հագնել, նաև անվտանգության նկատառումով ոտքերի մի հատվածին բինտ փաթաթել:

 Խաղափուլում տարած հաղթանակը գնահատվում է մեկ միավոր: Եթե մեկ թիմը երկու կեսում էլ հաղթել է, ապա գրանցվում է 2:0 հաշիվը: Իսկ եթե մրցող կողմերին մեկական  անգամ է ժպտացել հաջողությունը, ապա արձանագրվում է ոչ-ոքի` 1:1: Ամեն խաղափուլը 10 րոպե է, ընդմիջումը` 5 րոպե: Յուրաքանչյուր խաղափուլում, ինչպես նաև, երբ հաղթողին որոշելու համար կիրառվում է «ոսկե գոլի» կանոնը, մրցավարի կողմից գնդակի վիճաբանական նետում է իրականացվում: Հավասար արդյունքի դեպքում  թիմերի 5-ական խաղացողներ իրացնում են 6 մ-ոց տուգանային նետումներ: Դրանք շարունակվում են այնքան, մինչև կողմերից մեկն առավելություն է ստանում:

Չի կարելի ասել, թե մերոնց համար այս մարզաձևն անծանոթ է: Երկու տարի առաջ Հայաստանում կազմակերպվել է լողափնյա հանդբոլի սեմինար: Իսկ 2011-ին Հայաստանի մինչև 18 տարեկան հանդբոլիստուհիների հավաքականը Վրաստանում ուսումնամարզական հավաք է անցկացրել, մասնակցել միջազգային երկու մրցաշարի:

Ընդդեմ նաև Թուրքիայի հավաքականի

 

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի լողափնյա հանդբոլի պատասխանատու, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզական խաղերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հարություն Մելքոնյանին հարցրինք, թե ինչքանով է բարեհաջող վիճակահանությունը Եվրոպայի առաջնության մասնակից Հայաստանի հավաքականի համար:

– Մրցակիցներն ուժեղ են: Շվեյցարիան  առաջիններից մեկն է, որտեղ արմատավորվել է լողափնյա հանդբոլը: Ռուսաստանի նման հզոր երկրի հավաքականին ներկայացնելու կարիք չկա, այն միշտ էլ ուժեղ է եղել: Թուրքիայում լողափնյա հանդբոլի խաղահրապարակները, թիմերը շատ են և այս մարզաձևը զարգացած է: Այդուհանդերձ, մեր երկրի ներկայացուցիչնեը ձգտելու են պատվով դուրս գալ այդ փորձությունից: Լողափնյա հանդբոլը Հայաստանում երիտասարդ մարզաձև է, և սա առիթ է, որ լրջորեն մտածենք այն զարգացնելու մասին: Սերբ մասնագետ Սաշա Կուբորովիչը Հայաստանում լողափնյա հանդբոլի սեմինար է վարել: Նա հունիսի 27-ին  կրկին մեր երկիր կայցելի և Սևանում կնախապատրաստի Հայաստանի հավաքականը: Դարպասներ, նշագծումների ժապավեններ, գնդակներ ունենք: Այնուհետև մեր ընտրանին հուլիսի 1-ին կուղևորվի Բաթում և Կուբորովիչի ղեկավարությամբ մրցավայրում կշարունակի նախապատրաստությունը: Նա մրցումների ժամանակ այլևս չի կարող օգնել, քանի որ հանդբոլի Եվրոպայի ֆեդերացիայի տեսուչ կամ, ինչպես ընդունված է հանդբոլում ասել, դելեգատ է լինելու:

 Սկզբում նախատեսված էր, որ լողափնյա հանդբոլի Եվրոպայի առաջնությանը պետք է մասնակցի նաև մեր երկրի մինչև 18 տարեկան հանդբոլիստների հավաքականը:

– Դժվարանում եմ ասել, թե ինչու չի խաղալու: Թերևս դեր է խաղացել այն հանգամանքը, որ մեր այդ տարիքի հանդբոլիստների մի մասն առաջիկայում զինվորական ծառայության է մեկնելու:

 Փաստորեն, լողափնյա հանդբոլը Հայաստանում նոր մրցաձև է: Ինչքանո՞վ են մերոնք տեղյակ այդ խաղաձևի նրբություններին, մարզումների համար անհրաժեշտ պայմաններ ունե՞նք:

– Հայաստանում մարզաբազաներ չկան շուրջ տարին պարապմունքներ անցկացնելու համար: Սակայն մերոնք մրցափորձ ունեն, Վրաստանում միջազգային երկու մրցաշարի են մասնակցել:

 Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցներից Հայաստանի հավաքականը համալրողներ լինելո՞ւ են:

– Այդ տարիքի խաղացողներ Ֆրանսիայում չունենք:

Դիտվել է 1879 անգամ:
Print Friendly

Leave a Reply