Ինչպես Շուշիում, Թալիշում էլ հաղթեց ոգին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | April 25, 2012 7:00

 Արցախյան գոյամարտի տարեգրությունում 1994 թ. ապրիլի 14-ը նշանավորվեց Մարտակերտի շրջանի Թալիշ (Թարինջ) գյուղի ազատագրմամբ: Մարտակերտ շրջկենտրոնից 25 կմ հեռավորությամբ ծայր հյուսիսում գտնվող այդ գյուղը դարերի մշուշում թաղված անցյալ ունի: Հին անունը Հոռեկ է, շրջակայքում պահպանվող V դարի նույնանուն վանքը հենց դա է վկայում: Իսկ Նոր Թալիշի կենսագրությունը սկսվում է 1808 թ., որի գլխին արդեն XX դարավերջին սև ամպեր էին կուտակվել:

 Թալիշը  Արցախի խոշոր գյուղերից էր թե՛ տարածքով և թե՛ տնտեսական հաջողություններով, սակայն շուրջ 60 կմ-ով սահմանակից լինելով ադրբեջանական երեք շրջաններին` շատ ծանր օրեր է ապրել: Անասնագողությունները, սպանությունները, հրետակոծություններն արդեն սովորական էին դարձել: Թալիշցու համբերության բաժակը լցվեց, երբ 1990 թ. դեկտեմբերյան մի գիշեր սպանեցին երիտասարդ անասնապահ Սամվել Ապրեսյանին և անասունները գողացան, իսկ մի տարի անց նույն կերպ վարվեցին նաև մեկ այլ անասնապահի հետ: Այնպես որ հերոս թալիշցին ոչ միայն թրծվեց արցախյան կռիվներում, այլև ստիպված եղավ իր գյուղի իսկական զինվորը դառնալ:

Տարածքային առումով մոտ լինելով Շահումյանին` շատ թալիշցիներ անդամագրվեցին Շահեն Մեղրյանի «Եղնիկներ» պարտիզանական ջոկատին, թեև գյուղն էլ իր ջոկատն ու շտաբն ունեցավ, բայց երբ Շահումյանն ընկավ, գյուղն ասես մահվան օղակում հայտնվեց: Ռազմական խորհուրդը հունիսի 14-ին բնակիչներին տեղափոխելու որոշում կայացրեց: 1992 թ. հունիսի 16-ի կեսօրին գյուղն արդեն դատարկ էր:

Գյուղի նկատմամբ հակառակորդի ախորժակը պայմանավորված էր Շահումյանը Լեռնային Ղարաբաղից կտրելու հանգամանքով: Իսկ մինչ այդ պաշտպանները թշնամու բազմաթիվ ոտնձգություններին միշտ արժանի հակահարված են տվել, բայց երբ ընկավ Շահումյանը, Թալիշը պահելը գրեթե անհնար դարձավ: Անչափ ծանր օրեր էին ոչ միայն թալիշցիների, մարտակերտցիների, այլև ողջ հայության համար: Մեկիկ-մեկիկ ընկնում էին հայկական գյուղերը, երկրաշարժի հետևանքով հազարավոր տնազուրկներին գումարվեցին նոր գաղթականներ:

Մեկ տարի անց` հունիսի 13-ին` Շահումյանի անկման օրը, պարտիզանական ջոկատի ջանքերով ազատագվեցին Գետի, Գոմեր, Տոնաշեն և Դաստագիր գյուղերը: Իսկ տարեվերջին հակառակորդը օդուժի, տարբեր զինտեխնիկայի, ինչպես նաև վարձկանների օգնությամբ կրկին վերցրեց այդ գյուղերը:

Այդպիսով, երբ պատերազմական գործողություններով հարուստ 1993 թ. արդեն պատմություն դարձավ, որը, ի դեպ, աչքի ընկավ ոչ միայն Մարտակերտի մի շարք գյուղերի, այնպես էլ Քարվաճառի ազատագրմամբ, այնուամենայնիվ, շատերը, այդ թվում նաև թալիշցիները ձեռքները ծալած չնստեցին: Եվ ահա 1994 թ. փետրվարի 17-ին անակնկալ հարձակմամբ ազատագրեցին Տոնաշենն ու Դաստագիրը: Այնուհետև թշնամուց «մաքրեցին» մի շարք կարևոր   ռազմական հենակետեր, դրանից հետո միայն հերթը Թալիշին  հասավ, որի օպերացիան սկսվեց 1994 թ. ապրիլի 12-ին, իսկ 14-ի կեսօրին պատմական գյուղն արդեն ազատագրված էր:

Թալիշցիք իրենց գյուղը հիմնովին ավերակ գտան: Այդ կերպ էր թշնամին վրեժ լուծել իրենց այնքան անհանգստացնող թալիշցիներից, որոնք երբեք չհաշտվեցին իրենց գյուղը կորցնելու մտքի հետ: Գյուղն այսօր կամաց-կամաց հառնում է ավերակներից: Նշանակում է` այդ հողի համար մարտիրոսվածների արյունը  երբեք  ջուր չդարձավ: Հերոսամարտի արիասիրտ տղաները հասկացել էին, որ սեփական հողի վրա ապրելու իրավունքը կռվով ու զենքով պիտի պաշտպանես, եթե հարևանդ աչք ունի տանդ վրա:

Այդ պատերազմը մենք չհորինեցինք, մեզ պարտադրեցին, ինչպես պարտադրեցին նաև հրադադարը, քանի որ, երբ ազատագրվեց հյուսիսային Արցախի Թալիշ գյուղը, մեր ազատամարտիկների ոգին գագաթնակետին էր հասել, ինչպես Շուշիում, և դա հրաշալի գիտակցում էր հայր Ալիևը, որ հաճախ էր պարծենում, թե իր ղեկավարության տարիներին է Արցախի հայ բնակչությունը զգալի պակասել, իսկ Նախիջևանը` հիմնովին դատարկվել: Հետագա կորուստների ահուդողից սարսափած  ծերուկը «քառատրոփ» Մոսկվա հասավ, և նրա խնդրանքով էլ մեզ հրադադար պարտադրվեց: Իսկ մեր առաջին նախագահին հանգիստ չէր տալիս Քարվաճառը հանձնելու միտքը:

Ինչևէ, Նոր Շահումյանն արդեն 19 տարի է, ինչ ապրում է իր առօրյա հոգսերով ու դեռ պատերազմի վերքերն է բուժում: Թե ինչքան կտևի այդ բուժումը, այսօր դժվար է ասել, բայց որ շրջանը մեկընդմիշտ հայաշունչ է դարձել, աներկբա է: Կրթություն և սպորտ, մշակույթ, գյուղատնտեսություն, սոցիալական ոլորտ. ահա շրջանի առջև ծառացած առաջնահերթությունները:

Շրջանում շարունակվում է վերաբնակեցման գործընթացը, որի շրջանակներում բոլոր ընտանիքները օգտվում են իրենց հասանելիք բոլոր արտոնություններից. ճանապարհածախս, գույքի տեղափոխում, փոխհատուցում, միանվագ դրամական օգնություն, երկարաժամկետ բյուջետային վարկ, ծախսած էլեկտրաէներգիայի փոխհատուցում: Եվ որ ամենակարևորն է` ապահովում բնակարաններով:

Թեև շրջանում գործող11 միջնակարգ և 5 հիմնական հանրակրթական դպրոցներում դասավանդող ուսուցիչների թիվը հասնում է 247-ի, ռուսաց և օտար լեզուների ուսուցիչների պակաս է զգացվում: Գործում է  նաև 2 մանկապարտեզ: 2009-ին Եղեգնուտ համայնքում նորակառույց դպրոց շահագործման հանձնվեց, իսկ Քարվաճառում` 2011-ին 240 աշակերտի համար նոր դպրոցը: Թեև շրջանի մյուս դպրոցներում ամեն տարի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ են կատարվում, գրեթե բոլոր դպրոցները համալրվում են դպրոցական գույքով, դասագրքերով, համակարգիչներով ու սարքավորումներով, այնուհանդերձ, շատ դպրոցներ այսօր չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին: Թեև հազարումի խնդիր ունեն, բայց դա չի խանգարում, որ բազմազավակ, սոցիալապես անապահով ընտանիքների 10-14 տարեկան երեխաներն ամառային հանգիստն անցկացնեն Հայաստանի և Արցախի տարբեր ճամբարներում:

Շահումյանի մշակույթի երիտասարդական կենտրոնն էլ (ՊՈԱԿ)  դողդոջուն քայլեր է անում: Արդեն 3 տարի է, ինչ քաղաքի մշակույթի տանը հասարակական հիմունքներով  գործում են կերպարվեստի և քանոնահարների խմբակները: Շրջանի ինտելեկտուալ խաղերի թիմը հանրապետությունում կազմակերպվող մրցույթների մշտական մասնակիցն է, իսկ 2011-ի հոկտեմբերին անցկացվեց թատերական ինքնագործ խմբերի մրցույթ-փառատոնի շրջանային փուլը: Թեև տարեցտարի մշակութային կյանքն առաջընթաց է ապրում, բայց մասնագետների, երաժշտական գործիքների և  ակումբների պակասը զգացնել է տալիս:

Անցյալ տարի շրջանի 62 բնակչի անասնավարկ է տրամադրվել: Իսկ «Աշնանացան մշակաբույսերի արտադրության խթանմանն ուղղված աջակցության ծրագրի» շրջանակներում շրջանի հողի սեփականատերերին տրամադրված փոխառության գումարները մարվել են 100 տոկոսով: Նաև  Նոր Գետաշեն համայնքում այս տարի կաթի մթերման կայան է կառուցվել:

Բնակիչները շրջանի իրական զարգացումը  պայմանավորում են նաև Արցախը  Հայաստանին կապող երկրորդ` Սոտք-Քարվաճառ ավտոմայրուղու կառուցմամբ, որի շինարարությունը սկսվել է դեռևս 2009-ին: Այս պահի դրությամբ աշխատանքի 80 տոկոսն  արված է: Այն նախատեսվում է շահագործման հանձնել 2013 թ. փետրվարին:

Շատ է, թե քիչ, արդեն ուրիշ խնդիր է, բայց որ յուրաքանչյուր շահումյանցի քաջ գիտակցում է, որ որևէ երկիր պատերազմից 19 տարի անց չի վերաշինվել, և իրենք ոչ միայն բնակիչ են, այլև հայոց միջնաբերդը պահող զինվոր,  դա թերևս վեր է ամեն ինչից…

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

Դիտվել է 2349 անգամ:
Print Friendly

Leave a Reply